Մարզային

«Անուշ» օպերան ցուցադրվեց Տափերականում

2 րոպեի ընթերցում

«Անուշ» օպերան ցուցադրվեց Տափերականում

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը հունիսի 3-ին Արարատի մարզի Տափերական համայնքի մշակույթի տան մեծ դահլիճում հանդես եկավ «Անուշ» օպերայի բեմադրությամբ: Բեմադրիչ ՀՀ վաստակավոր արտիստ Ալիս Հեքիմբաշյանն իր ամբողջ վարպետությունը գործադրել էր օպերան լավագույնս ներկայացնելու համար:

Բեմադրությունը դիտելու էին եկել Արտաշատի, Մասիսի, Վեդիի քաղաքային եւ Տափերականի գյուղական համայնքների բնակիչները: Ներկայացման ավարտին լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափերով վարձահատույց եղավ երգիչներին: Թատերական կոլեկտիվն իր շնորհակալությունը հայտնեց հանդիսատեսին, ինչպես նաեւ գյուղապետ Միհրան Մինասյանին ջերմ ընդունելության համար:

«Մենք հիացած ենք ձեր վարպետությամբ, բարձրարվեստ խաղով: Դուք բեմի նվիրյալներ եք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հեռավոր համայնքներում իրենց հանդիսատեսին հիացնելու համար»,-նշեց ներկաներից մեկը՝ ավելացնելով, որ գյուղական համայնքի բնակիչները հազվադեպ են վայելում նման վաստակավոր կոլեկտիվների խաղի պատճառած հաճույքը, երեկոն դեռ երկար կմնա բոլորի հիշողության մեջ:

Համայնքապետ Միհրան Մինասյանը եւս իր հիացմունքն արտահայտեց ջերմ խոսքերով և վարդերի փնջեր նվիրելով դերասաններին:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի կոլեկտիվը մարզային այցելությունների շրջանակում հյուրախաղերով հանդես է եկել նաեւ Ջերմուկի եւ Սյունիքի բեմահարթակներում:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում