Մարզային

Գեղարքունիքի մարզում դպրոցաշինական ծրագրերը կշարունակվեն նոր շենքերի կառուցման ընթացակարգով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում դպրոցաշինական ծրագրերը կշարունակվեն նոր շենքերի կառուցման ընթացակարգով

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում դպրոցաշինական նոր ծրագրերը կընթանան արդեն բոլորովին նոր մոտեցումով, ինչի հիմքում դրվում է դպրոցական նոր շենքերի կառուցման քաղաքականությունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ`այս մասին Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ իրազեկեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Մեր դպրոցական շենքերը հիմնականում կառուցվել են ավելի քան կես դար առաջ, 5-6 բալ սեյսմակայունությամբ, շատերը գտնվում են անմխիթար ու վթարային կամ կիսավթարային վիճակում: Այդիսկ պատճառով ՀՀ կառավարությունն անարդյունավետ է համարում նման շենքերի հիմնանորոգման համար միջոցներ տրամադրելը, ինչը եղել է մինչ այժմ: Այսուհետ հիմնանորոգման ծրագրերին փոխարինելու է գալիս դպրոցական շենքերը հիմքից կառուցելու ծրագիրը, որի մեկնարկն «Ասիական զարգացման բանկի» միջոցներով այս տարվա սեպտեմբերից տրվելու է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի կառուցումով: Նույն բանկի միջոցով այս եւ եկող տարում մարզում կկառուցվի 4-5 նոր դպրոցական շենք: Գործընթացն ավելի արագացնելու համար կգտնվեն եւ գործի կդրվեն նոր միջոցներ»,-նշեց մարզպետը:

Ռաֆիկ Գրիգորյանը հորդորեց դպրոցների տնօրեններին` տնտեսված միջոցներն օգտագործել դպրոցի շենքերի պահպանության առաջին անհրաժեշտության դեպքերում, մինչեւ որ կհստակեցվեն իրենց հաստատությունների շենքերի կառուցման ժամկետները: «Հասկանալի է, որ այսուհետեւ դպրոցներին հիմնանորոգման գումարներ չեն հատկացվի: Ելքը մնում է մեկը` առաջին անհրաժեշտության խնդիրները լուծել տնտեսված միջոցների հաշվին, որոնք արդեն մի քանի տասնյակ դպրոցներ ստեղծել են` ազատվելով ավելորդ հաստիքներից: Այդ տնտեսված միջոցները կոսմետիկ նորոգումներ իրականացնելու ուղղությամբ մարզպետարանը շուտով թույլ կտա, իսկ բոլորիս մնում է զինվել համբերությամբ մինչեւ կհստակեցվեն դպրոցների կառուցման հստակ ժամկետները եւ քանակները»,-նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում