Մարզային

Գեղարքունիքի մարզում շարունակվում է վայրի բանջարի բերքահավաքը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում շարունակվում է վայրի բանջարի բերքահավաքը

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում արդեն կես ամիս է, ինչ սկսվել եւ շարունակվում է վայրի բանջարի` սիբեխի, շուշանի եւ մանդակի բերքահավաքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, վայրի բանջարի բերքահավաքին մասնակցում են հարյուրավոր կանայք ու աղջիկներ, նաեւ տղամարդիկ ` դաշտերից օրական հավաքելով տասնյակ տոննաներ կշռող բանջարի տարբեր տեսակներ: Հավաքած բանջարը շատ ընտանիքներ պահպանում են ձմեռային օգտագործման համար` սառնարաններում, չորացման կամ աղի մեջ պահելու եղանակներով, մի մասն օգտագործում են առօրյա սննդակարգում: Շատ ընտանիքներ էլ բանջարը հավաքում են շուկայում վաճառելու, եկամուտ ստանալու համար: Մարզի տարածքներում գործում են մթերող կազմակերպություններ, որոնք բանջարը գնում են պահածոների գործարանների համար որպես հումք` 1 կիլոգրամը 500 դրամով: Շուկայում վայրի բանջարի գինը տատանվում է 600-800 դրամի սահմաններում` շարունակելով ունենալ մեծ պահանջարկ, սպառման մեծ ծավալներ: «Օրական մեր ընտանիքի երկու անդամներով հավաքում եւ մթերողներին հանձնում ենք մինչեւ 15 հազար դրամի բանջար, ինչը քիչ եկամուտ չէ, թեեւ բերքահավաքն ունի իր դժվարությունները»,-«Արմենպրես»-ին հայտնեց Գավառ քաղաքի բանջար հավաքող կանացից մեկը: Վայրի բանջարի տեսակների բերքահավաքը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ հունիսի առաջին կեսը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում