Մարզային

Գագարինավանում նշվեց համայնքի հիմնադրման 60-ամյակը եւ բացվեց մանկական զբոսայգին

4 րոպեի ընթերցում

Գագարինավանում նշվեց համայնքի հիմնադրման 60-ամյակը եւ բացվեց  մանկական զբոսայգին

ԳԱՎԱՌ 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Գագարինավան թաղամասում` Գագարինի անունը կրող հուշարձանի հարակից տարածքում նշվեց միանգամից երկու տոն` բնակավայրի հիմնադրման 60-ամյակը եւ, միաժամանակ, մանկական զբոսայգու պաշտոնական բացումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, հյուրերին` Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանին, փոխքաղաքապետ Համլետ Սահակյանին, հարակից համայնքների ղեկավարներին, քաղաքապետարանի պատասխանատուներին աղուհացով դիմավորելուց, 60-ամյակը խորհրդանշող կրծքանշաններ բաժանելուց հետո ծաղիկներ դրվեցին Յու. Գագարինի հուշարձանին: Միջոցառումն ուղեկցվեց Սեւանի երաժշտական դպրոցի փողային նվագախմբի տոնական քայլերգով եւ գագարինցի դպրոցականների ողջույնի խոսքով: Այնուհետեւ հյուրերը գագարինցիների ուղեկցությամբ շարժվեցին դեպի նորակառույց զբոսայգի, որն աչքի էր ընկնում իր կոկիկությամբ եւ բարեկարգ տեսքով: Երբեմնի անբարեկարգ տարածքը վերածվել էր հաճելի վայրի` մանկական խաղամիջոցներով, շատրվանով, նստարաններով, ծաղկապատ ու ծառապատ: Զբոսայգում իրենց նկարչական եւ ձեռքի աշխատանքներն էին ցուցադրում գագարինցի շնորհալի երիտասարդներն ու դպրոցականները: Օրվա համար պատրաստված միջոցառման մեկնարկը տրվեց մշակույթի պալատի հարակից տարածքում: Զբոսայգու պաշտոնական բացումն իրականություն դարձավ Սանկտ Պետերբուրգում ապրող գագարինցի բարերար Դավիթ Գալստյանի եւ Սևանի քաղաքապետարանի շնորհիվ: Գագարինում մանկական զբոսայգի ունենալու համար մեծ ջանք ու եռանդ է ներդրել նաեւ համայնքի պատասխանատու Սայաթ-Նովա Բադալյանը, ով իր ելույթում կարեւորեց այն մեծ աշխատանքը, որի շուրջ համախմբվեցին գագարինցիները, իսկ բարերար Դավիթ Գալստյանը իր հայրենակիցներին նվիրեց ժամանցի ու հանգստի մի հիանալի վայր: Գնահատելով Դավիթ Գալստյանի բարեգործական ձեռնարկը` Սեւանի քաղաքապետի կողմից նրան շնորհվեց Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ զբոսայգու կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներին ակտիվորեն մասնակցած անձինք արժանացան շնորհակալագրերի:Հանդիսության ընթացքում էջ առ էջ բացվեց Գագարինավանի տարեգրությունը, որը հարստացել է 1975 թվականից գործող մսուր-մանկապարտեզով, միջնակարգ դպրոցով, գործող կառույցներով, տաղանդավոր երիտասարդների հաղթանակներով ու ձեռքբերումներով: Հանդիսավար Գուրգեն Մկրտումյանը նշեց, որ Գագարինը իր հիմնադրման օրից ապրել է իր մեծ ու փոքր հոգսերով՝ կարճ ժամանակահատվածում կայանալով: Բնակելի շենքերի կառուցմանը զուգընթաց կառուցվեցին գործարաններ, ֆաբրիկաններ, բազաներ, որոնց թիվը հասավ 14-ի: Սակայն անցյալ դարի 90-ականներին Գագարինը կորցրեց իր երբեմնի աշխուժությունը, մեկը մյուսի հետեւից փակվեցին գործարանները: Այսօր գագարինցին հավատում է, որ ունենալու է վերածնունդ, որի վավերագիրն է նաեւ նորաբաց մանկական զբոսայգին: Միջոցառումն ուղեկցվեց «Սեւան», «Հայորդիներ» պարային համույթների, Գագարինի մանկապարտեզի սաների, դպրոցի «Զարթոնք» երգի խմբի սաների, Գագարինի պատանի երկրապահների կատարումներով եւ ելույթներով: Տոնական օրն ավարտվեց մատաղի արարողությամբ, որը զբոսայգու կառուցման բարերար Դավիթ Գալստյանի հերթական նախաձեռնությունն էր:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում