Մարզային

Ծովակ համայնքի հիմնանորոգ մանկապարտեզն իր դռները բացեց մանուկների առաջ

2 րոպեի ընթերցում

Ծովակ համայնքի հիմնանորոգ մանկապարտեզն իր դռները բացեց մանուկների առաջ

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում Երեխաների պաշտպանության օրը նշանավորվեց հիմնանորոգված մանկապարտեզի շենքի բացման արարողությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը, մանկապարտեզի շենքի հիմնանորոգումն օրախնդիր հարց էր դարձել համայնքի բնակիչների համար: «Շենքի անբարեկարգ վիճակի պատճառով 1997 թվականից մանկապարտեզը դադարեցրել էր գործունեությունը, իսկ գյուղի նախադպրոցական տարիքի երեխաներն ու նրանց ծնողները անհամբեր էին սպասում այս օրվան»,- նշեց համայնքի ղեկավարը: Գյուղապետի հավաստմամբ`շինարարական աշխատանքներն ընթացան 4-5 տարի. ամբողջովին հիմնանորոգվեց շենքի տանիքը եւ շինության չորս մասնաշենքերից երկուսը: Համայնքի բյուջեից ներդրվեց 30-40 միլիոն դրամ, ՀՀ ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման գործակալությունը ներդրեց 6 միլիոն դրամ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը` 25 միլիոն դրամ, իսկ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը մանկապարտեզն ապահովեց անհրաժեշտ գույքով: Մանկապարտեզի շենքի բացման արարողությանը ներկա էր Ծովակի բնակչությունը` դպրոցների, բուժամբուլատորիայի, համայնքապետարանի աշխատակիցները, մանուկներ ու ծնողներ: Մանկապարտեզի սաները հանդես եկան պարային, երաժշտական կատարումներով եւ ասմունքով:»Մանկապարտեզում գործելու է երկու խումբ` 60 երեխայի համար, սակայն մասնաշենքերի ավելացման դեպքում երեխաների թիվը կարող է ավելանալ», - հավաստեց համայնքապետը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում