Գյումրու բուհերում շարունակվում է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու պետական եւ մասնավոր բուհերում շարունակվում է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը: Մայիսի 5-ից մեկնարկած գործընթացը կշարունակվի միչեւ հունիսի 1-ը ներառյալ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի Գյումրու մասնաճյուղի դիմումների ընդունող հանձնաժողովի անդամները նշեցին, որ ինչպես ցույց է տալիս անցած տարիների փորձը, դիմորդների հայտարարագրման ակտիվություն նկատվում է վերջին օրերին:
Ինչպես տեղեկացրեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի փաստաթղթերի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Մարտիրոսյանը, ինստիտուտին այս տարի հատկացված է 640 տեղ, որից 71-ը՝ պետական պատվերի շրջանակում, մյուսները՝ վճարովի համակարգով: Այս տարի ինստիտուտը դիմորդներին առաջարկում է 1 նոր մասնագիտություն՝ թարգմանչական գործ՝ «Հայերեն-թուրքերեն»: «Փակված մասնագիտություններ չունենք, բայց ունենք մասնագիտություններ, որտեղ դիմորդ չկա՝ «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն»: Ի դեպ, նախորդ տարիների հետ համեմատած, այս պահի դրությամբ բուհում ավելացել է դիմորդների թիվը: Եթե նախորդ տարի բուհն ունեցել է 270 դիմորդ, ապա ներկա պահին արդեն այդքան դիմորդ կա, բայց դեռևս 4 օր կա փաստաթղթերի ընդունման համար: Չեմ բացառում, որ սա սոցիալական վիճակի հետ է կապված, եթե անցած տարիներին շատերը դիմում էին երևանյան բուհեր, այս տարի նրանց մի մասը նախընտրել է մնալ Գյումրիում»,-նշեց պատասխանատուն:
Մանկավարժական ինստիտուտում ամենպահանջվածները «Անգլերեն լեզու», «Մեթոդիկա», «Բանասիրություն» մասնագիտություններն են: Բուհում վարձավճարները 230-350 հազար դրամ են կազմում:
Արմենուհի Մխոյան