Մարզային

Սեւանա լճից արմատահանված կոճղերն ու բուսական մյուս թափոնները վերամշակման կարիք ունեն

2 րոպեի ընթերցում

Սեւանա լճից արմատահանված  կոճղերն ու բուսական մյուս թափոնները վերամշակման կարիք ունեն

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի բարձրացման հետեւանքով ջրածածկված կամ ջրածածկման վտանգի տակ գտնվող ափամերձ արհեստական անտառների մաքրումից առաջացած թափոնները վաղուց արդեն բնապահպանական լուրջ խնդիր են հարուցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի բյուջետային ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Թովմասյանը, հատված ծառերի արմատահանված կոճղերը եւ բուսական մյուս մնացորդները մեծ զանգված են կազմում եւ շրջապատի աղտոտման հերթական պատճառը հանդիսանում:«Արմատահանված կոճղերն ու ցախերը, բուսական մյուս թափոնները հիմա անտառը մաքրող կազմակերպության կողմից տեղափոխվում են լճափից հեռու, հնարավորինս անօգտագործելի վայրերում, սակայն դրանց կույտերն արդեն իսկ անհրապույր ու աղտոտ են դարձնում շրջակա միջավայրը, ինչը լրջորեն անհանգստացնում է թե բնապահպաններին, թե մարդկանց»,-նշեց Վարդան Թովմասյանը:

Վերջինիս կարծիքով` լավագույն ելքն այդ հումքի եւ թափոնների հիման վրա բիովառելիքի արտադրություն կազմակերպելն է, որով կլուծվի թե էժան եւ մատչելի վառելիքով ապահովելու, թե բնապահպանական խնդիրը: «Ծովակի ափամերձ հատվածին մոտիկ պետք է ստեղծվի բիովառելիքի արտադրության հոսքագիծ, որտեղ պետք է վերամշակվեն արմատահան արված կոճղերը եւ մյուս թափոնները եւ դրանք բրիկետների տեսքով, որպես վառելիք, մատչելի գներով վաճառվեն տեղի բնակիչներին: Մեր հաշվարկներով` Սեւանի ափամերձ հատվածների մաքրումից տարեկան գոյանում են մինչեւ 5 հազար խմ կոճղարմատ ու թափոններ, որոնք բնակիչները նույնիսկ անվճար տրամադրելու դեպքում դժվարանում են օգտագործել: Բիովառելիքի արտադրության դեպքում արդեն լուծած կլինենք ե՛ւ էժան վառելիքի, ե՛ւ շրջակա միջավայրի մաքրության խնդիրը: Ծրագիրը ներկայացրել ենք ՀՀ բնապահպանության նախարարի ուշադրությանը եւ հաստատմանը, բիովառելիքի արտադրությունն ակնկալում ենք կազմակերպել միջազգային ֆինանսական կառույցների օժանդակությամբ: Այստեղ գլխավոր հանգամանքն այն է, որ մենք հումք ձեռք բերելու վրա գումար չենք ծախսում»,-նշեց Վարդան Թովմասյանը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում