Մարզային

Լուսաղբյուր համայնքն այս տարի ավելի շատ առաջին դասարանցի կունենա

2 րոպեի ընթերցում

Լուսաղբյուր համայնքն այս տարի ավելի շատ առաջին դասարանցի կունենա

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքն այս տարի ավելի շատ առաջին դասարանցի կունենա՝ 7 շրջանավարտի փոխարեն առաջին անգամ դպրոց կհաճախի 11 երեխա: Ի տարբերություն շատ գյուղերի, համայնքը գազաֆիկացված է, իսկ 3500 մ ներհամայնքային ճանապարհը՝ ասֆալտապատված: Թեև գյուղը նախկինում կոչվել է Սվանվերդի, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «ջրի տարածք», Լուսաղբյուրի հիմնախնդիրը ոռոգման ու խմելու ջրի ցանցի բացակայությունն է: Գյուղն երբեք ջրային ցանց չի ունեցել: Գյուղացիները նույնիսկ այսօր օգտվում են հորերից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Սամսոն Բարսեղյանը, 187 ծուխ ունեցող գյուղում միակ խնդիրը ջուրն է, որի խնդրով ոչ միայն Լուսաղբյուրը, այլ նաև հարակից գյուղերը դիմել են մարզպետին: «Գյուղում աշխատանքային արտագաղթ կա, բայց գնացողները հետ են գալիս, երիտասարդներն ընտանիք են կազմում, տարեկան ավելի քան 10 ծնունդ ենք ունենում: Հայրենի հողն է, որ լուսաղբյուրցուն պահում է գյուղում»,- փաստեց համայնքի ղեկավարը:

Գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա: Հիմնադրվել է 1826-1829 թթ. Արևմտյան Հայաստանի Մուշ և Բասեն գավառներից տեղահանված գաղթականների կողմից: Առաջինը գյուղ է եկել Նավասարդ անունով մի մարդ իր ընտանիքով, որը եղել է ներկայիս Համբարյանների նախապապը: Այնուհետև եկել են Յուզբաշոնք` ներկայիս Աղանիկյաններն ու Սմբատյանները: 1915 թ. եղեռնից հետո 1917-1918-ին Մուշի Խարս գյուղից արտագաղթածները համալրել են գյուղի բնակչությունը, նրանց թվում այդ տարիներին արտագաղթել են նաև երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի պապերը: 1920-ական թվականներին գյուղն ունեցել է ավելի քան 300 տնտեսություն: Մոտ 165 տարի առաջ գյուղում կառուցվել է 2 ձիթհանք: Շինարարության համար փայտը բերել են սայլերով՝ Սարիղամիշից:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում