ONEArmenia-ն դրամահավաք է կազմակերպել Տավուշի 4 սահմանամերձ գյուղերի ջերմոցների կառուցման համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ONEArmenia ոչ առևտրային կազմակերպությունը դրամահավաք է կազմակերպել Տավուշի մարզի 4 սահմանամերձ գյուղերի ջերմոցների կառուցումը ժամանակին ավարտելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ մինչև հունիսի 15-ը անհրաժեշտ 40 հազար դոլարը հավաքագրելու միջոցով սահմանամերձ գյուղերը և 50 կին գյուղատնտեսներ հնարավորություն կստանան մեկ տարի շուտ հավաքել ջերմոցների բերքը:
Ըստ ONEArmenia-ի՝ հակառակ դեպքում՝ Oxfamկազմակերպության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կառուցվող ջերոմցների տերերը չեն կարող այս տարի բերք հավաքել և բաց կթողնեն այս տարի եկամուտ ստանալու հնարավորությունը:
2010 թվականինOxfamկազմակերպությունը հանդես եկավ նախաձեռնությամբ` բարելավելու Տավուշի մարզի գյուղական համայնքների կենսապայմանները: Ադրբեջանին սահմանակից մարզն ունի 57 գյուղական համայնք: Նախաձեռնության նպատակն է աջակցել մանր գյուղական տնտեսություններին: Հիմնական շեշտը դրված է կանանց վրա, որպեսզի նրանց համար ապահովվի կայուն ապրուստ` տնտեսական հնարավորությունները զարգացնելու միջոցով: 15 գյուղերում կոոպերատիվների ստեղծումից և դրանցից 11-ում ջերմոցների կառուցումից հետո` Oxfam-ը գյուղացիներին վերապատրաստեց` սովորեցնելով այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ էին նրանց համայնքը զարգացնելու և կայուն տնտեսական միավոր դարձնելու համար: Այսօր կանայք կազմում են այս կոոպերատիվների անդամների 70%-ը: Այդ համայնքներում ապրող կանայք ստանում են կայուն աշխատավարձ և կարողանում են ապահովել իրենց ընտանիքներին: