Մարզային

Եզրափակիչում հաղթեց Ազատավանի ֆուտբոլի թիմը

3 րոպեի ընթերցում

Եզրափակիչում հաղթեց Ազատավանի ֆուտբոլի թիմը

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 26-ին տեղի ունեցավ «Սեւան» գյուղական մարզական կազմակերպության՝ զոհված ազատամարտիկներին նվիրված Արտաշատի տարածաշրջանի ֆուտբոլի հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Ազատավան եւ Նորաշեն համայնքների ներկայացուցիչների թեժ մրցապայքարում 3:2 հաշվով հաղթեց Ազատավանի թիմը:

Մարզադաշտը լեփ-լեցուն էր թիմերի երկրպագուներով, ծնողներով, մասնակցում էին նաեւ համայնքների ղեկավարները: Միջոցառմանը ներկա էր նաեւ «Սեւան» գյուղական մարզական կազմակերպության գործադիր տնօրեն Արշակ Կնյազյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանը, մարզիկներ, ֆուտբոլի սիրահարներ: Հանդիսավոր արարողության ժամանակ Սերյան Նազարյանը Ազատավանի թիմին հանձնեց հաղթողի գավաթը: Երկու թիմերի ավագները ստացան թանկարժեք նվերներ, իսկ անդամները` պատվոգրեր եւ շնորհակալագրեր: Երկու գյուղապետերին ֆուտբոլի եւ սպորտի մասսայականացման, ինչպես նաեւ համայնքներում առողջ ապրելակերպի խթանմանը գործնական եւ նյութական աջակցություն ցուցաբերելու համար Արշակ Կնյազյանը հանձնեց պատվոգրեր:

Հուշամցաշարը մեկնարկել է մայիսի 4-ին: Այս ընթացքում մրցել են Արտաշատի տարածաշրջանի 11 թիմ` Ազատավան, Նորաշեն, Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Դալար, Բուրաստան, Շահումյան, Լանջազատ, Վերին Արտաշատ, Գետազատ համայնքներից:

«Այս հուշամրցաշարն աշխուժացրեց համայնքներում երիտասարդների եւ բնակիչների մարզական կյանքը, մեկ անգամ եւս գյուղապետերի ուշադրությունը հրավիրեց սպորտի զարգացման վրա տարվող աշխատանքների վրա, ինչպես նաեւ բազմաթիվ երիտասարդների կտրեց փողոցից` նրանց առօրյան հագեցնելով գեղեցիկ ու մեծ մարզախաղերով»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սեւան» գյուղական մարզական կազմակերպության Արարատի մարզային խորհրդի նախագահ Հենրիկ Սիմոնյանը, ավելացնելով, որ ընկերությունն իր հիմնադրման օրվանից նպատակ է դրել ակտիվ մասնակցություն ցուցաբերել ֆիզիկապես ամուր երիտասարդ սերնդի դաստիարակության գործին, հոգ տանել գյուղական բնակչության առողջության կոփման, նրանց ակտիվ հանգստի կազմակերպման, հայրենիքի պաշտպանության համար կոփված մարտիկների պատրաստման համար: Այս ամենի հիմքում ընկած են նաեւ ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները. պատրաստել բարձրակարգ մարզիկներ, համալրել ազգային հավաքական թիմերը հանրապետության, Եվրոպայի, աշխարհի մրցումներին մասնակցելու համար: Անդրադառնալով երիտասարդների ակտիվությանը՝ նա նաեւ կարեւորեց գյուղապետերի ներկայությունը, ինչն, ըստ նրա որոշակի լիցքեր հաղորդեց երիտասարդներին:

Ընկերությունը 2009 թվականից անցկացնում է բազմաթիվ հուշամրցաշարեր` ֆուտբոլ, ձյուդո, սամբո, ատլետիկա, ըմբշամարտ մարզաձեւերից:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում