Մարզային

Գեղարքունիքի տնտեսություններում անհանգստացած են կաթի մթերման գների իջեցման միտումներից

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի տնտեսություններում  անհանգստացած են կաթի մթերման գների իջեցման  միտումներից

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի տնտեսություններում վերջին մի քանի օրերին անհանգստացած են կաթի գների նվազման միտումներից, որոնք նկատվում են մարզի բոլոր տարածաշրջաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը, մայիսի ընթացքում մթերող կազմակերպությունը գյուղից կաթի լիտրը մթերել է 120 դրամով, սակայն վերջին օրերին մթերողները ցանկացել են գինը իջեցնել մինչեւ 100 դրամի: «Այս պահին արդեն գյուղացիները մթերողներին կաթ չեն վաճառում, այլ գերադասում են մշակել թեկուզ պարզագույն եղանակներով»,-հավաստեց գյուղապետը:

Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը նշեց, որ այս տարվա ձմռան ամիսներին տնտեսություններից կաթը մթերվել է միջինը 140 դրամով, սակայն այս պահին արդեն մթերողներն այն տանում են 110 դրամով, եւ ոմանք արդեն հրաժարվում են կաթը վաճառելու մտքից:»Օրական մեր գյուղն արտադրում է մինչեւ 8 տոննա կաթ, եւ այդքան քանակության գյուղմթերքի իրացումն արդեն խնդիր կլինի, եթե մթերման գները շարունակեն իջնել»,-նշեց Ծովակի գյուղապետը:

Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանի ներկայացմամբ` այժմ Գանձակից կաթը մթերվում է 120 դրամով, օրական մինչեւ 3 տոննայի չափով, սակայն գյուղացիները դժգոհ են, քանի որ նախորդ տարվա այս օրերին արտադրված մթերքն իրացրել են մինչեւ 180 դրամով:»Գների նվազման զսպման միակ ելքը տեղում կաթի վերամշակման արտադրամաս ունենալն է: Այլապես մեր տնտեսությունները երբեմն կկանգնեն նման դժվարին իրավիճակի առաջ: Վերամշակման արտադրամաս ունենալու դեպքում կարող ենք օգտակար լինել նաեւ շրջակա համայնքների տնտեսություններին»,-նշեց Վանիկ Հարությունյանը:

Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի տեղեկացմամբ` հիմա տնտեսություններից կաթը մթերում են 140 դրամով, բայց մթերողներն արդեն խոսում են մթերման գներն իջեցնելու մասին, այն դեպքում, երբ նախորդ տարի կաթը ճամբարակի տարածքում մթերվել է 160-170 դրամով: «Նախորդ տարի Ճամբարակի տարածքի բոլոր համայնքների տնտեսությունների համար բավարար ու ձեռնտու պայմաններ էին ստեղծված: Ամռան ամիսներին մեր տարածաշրջանի համայնքները միասին վերցրած օրական մինչեւ 50-60 տոննա կաթ էին վաճառում մթերողներին: Հիմա ոչ միայն գների նվազման միտումն է անհանգստացնում, այլ նաեւ մթերման ծավալների կրճատման մտավախությունները»,-իր անհանգստությունն արտահայտեց Ճամբարակի քաղաքապետը

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում