Մարզային

Գեղարքունիքի դպրոցական բնապահպանական ակումբի անդամներն այցելեցին Գյուլագարակի դենդրոպարկ

3 րոպեի ընթերցում

 Գեղարքունիքի դպրոցական բնապահպանական ակումբի անդամներն այցելեցին  Գյուլագարակի դենդրոպարկ

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի 27 դպրոցական անդամներ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի ՏԶԾ- ի հովանավորությամբ այցելեցին Գյուլագարակի դենդրոպարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Աժդահակ» էկոակումբի ղեկավար, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նելլի Դռնոյանը, այցին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ծրագրի աշխատակիցները: Դպրոցում նախապես կազմակերպված սեմինարների ընթացքում երեխաները մշակել էին այդ օրվա պլանը եւ նախապատրաստել յուրաքանչյուր գործնական աշխատանքի, ինչպես նաեւ բնապահպանական խաղերի համար անհրաժեշտ նյութերը: «Երեխաների համար շատ հետաքրքիր էր այն պահը, երբ Սեւան-Դիլիջան թունելից ավտոբուսը դուրս եկավ, եւ ակնհայտորեն տեսանելի դարձավ էկոհամակարգերի տարբերությունները, նրանք անմիջապես սկսեցին համեմատել Գեղարքունյաց աշխարհը եւ Տավուշի հիասքանչ բնությունը: Երեխաներն այնքան հետաքրքրված էին այդ ամենով, որ անգամ ճանապարհի երկարությունը նրանց չհոգնեցրեց, եւ կարծես կախարդական փայտիկի մի հարվածով հասանք Գյուլագարակի դենդրոպարկի դարպասների մոտ: Երեխաների հետաքրքրությունը էլ ավելի մեծացրին դենդրոպարկի ռելիկտային եւ տարբեր երկրներից բերված ծառատեսակներն ուսումնասիրելիս: Մասնակիցները հատուկ մեթոդով որոշեցին մի քանի ծառերի, այդ թվում նաև դենդրոպարկում հատուկ տեղ գրաված սեքվոյաների բարձրությունը: Կատարվեց թռչունների ուսումնասիրում հեռադիտակի միջոցով, իսկ «Հայաստանի թռչունները» գրքի եւ թռչունների նույնականացման քարտի օգնությամբ որոշվեցին տարածքին բնորոշ թռչունների տեսակները: Աշակերտները փորձում էին լուսանկարների եւ բացատրությունների միջոցով իրենց հիշողության մեջ պահել այս ամենը եւ ներկա չգտնվող ընկերներին պատմելու համար»,-նշեց Նելլի Դռնոյանը :

Չնայած եղանակային վատ պայմաններին` մասնակիցները մեծ ոգեւորությամբ եւ պատրաստակամությամբ են ուսումնասիրել Աղստեւ գետի ջրի որակը ըստ կենսաբազմազանության եւ պարզել, որ այն ոչ այդքան մաքուր՝ 2-րդ կարգի ջուր է: Այստեղ մանրադիտակի օգնությամբ կատարվել է տարաբնույթ կենդանական եւ բուսական հյուսվածքների եւ բջիջների ուսումնասիրություն: Այցի հաջորդ կանգառը եղել է Մարգահովտի բնապահպանական կենտրոնը, որտեղ մասնակիցներին պարզ է դարձել, թե որքան կարեւոր է կենսահումուսի դերը մշակովի բույսերի եւ մարդկանց առողջության համար, որ քիմիական պարարտանյութերի օգտագործումը շատ վտանգավոր է ու ոչ հեռանկարային: «Մեր աշակերտները որոշեցին կենսահումուսի պատրաստման գաղտնիքները հասցնել իրենց ծնողներին եւ նրանց օգնել դրա պատրաստման գործընթացում: «Աժդահակ» էկոակումբի աշակերտներն այս բնապահպանական ուսուցողական ուղեւորության արդյունքում մեկ անգամ եւս կարեւորեցին կենսաբազմազանության պահպանությունը»,-նշեց Նելլի Դռնոյանը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում