Մարզային

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների առաջնությունում արտաշատցի ըմբիշները վաստակեցին 10 մեդալ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների առաջնությունում արտաշատցի ըմբիշները վաստակեցին 10 մեդալ

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մայիսի 19-20-ը Երեւանում կայացած ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների 2015 թվականի առաջնությունում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 10 սաներ վաստակել են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ` գրավելով մրցանակային տեղեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը, առաջին մրցանակային տեղն են գրավել 54 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, 58 կգ քաշային Արման Անդրեսյանը, 63 կգ քաշային Գեղամ Գալստյանը: Երկրորդ տեղն են գրավել եւ արծաթե մեդալների արժանացել 46 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը, 50 կգ քաշային Հովհաննես Վարդանյանը եւ 85 կգ քաշային Արթուր Շավոյանը: Սիմոնյանն ասաց, որ երրորդ տեղն են գրավել 46 կգ քաշային Գրիգոր Բաղդասարյանը, 54 կգ քաշային Գոռ Հակոբյանը, 69 կգ քաշային Կարեն Բաղդասարյանը եւ 69 կգ քաշային Դավիթ Գեւորգյանը:

«Այս առաջնությունում մեր մարզիկների ցուցաբերած արդյունքները ըմբշամարտի ոլորտում շոկ առաջացրեցին ողջ հանրպետությունում: Ոչ մեկը չէր սպասում, որ մեր մարզը նման պատրաստվածությամբ հանդես կգա: Իսկ մեզ համար դա չափազանց ուրախալի հաջողություն ու ձեռքբերում էր»,- ընդգծեց մարզադպրոցի տնօրենը:

Վերոհիշյալ ըմբիշներն ընդգրկվել են ՀՀ պատանիների հավաքական թիմի կազմում: Առաջին, երկրորդ տեղեր զբաղեցրած ըմբիշները մի քանի ուսումնամարզական հավաքներ անցկացնելուց հետո կմասնակցեն առաջիկայում Սերբիայում եւ Չերնոգորիայում կայանալիք Եվրոպայի եւ Աշխարհի պատանեկան առաջնություններին:

Ոսկե մեդալներ նվաճած մարզիկները զրույցի ընթացքում ասացին, որ իրենք այդ հաղթանակը նվիրում են իրենց մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանի ծննդյան 70-ամյակին: Ըմբիշները, ձեռք բերած հաղթանակներով ոգեւորված, խոստանում են, որ Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններից առանց մեդալների չեն վերադառնա: Մարզիկներն ընդգծեցին, որ պատրաստ են ի պատիվ Գրիգոր Սիմոնյանի 70-ամյակի` այնտեղից վերադառնալ հաղթանակած:

Ըմբիշներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:

Առաջնությանը մասնակցում էին ՀՀ 300 ուժեղագույն ըմբիշներ: Արտաշատի մարզադպրոցը ներկայացրել էր 13 մարզիկ:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում