Մարզային

Գավառ քաղաքի բյուջեն ներկայացվեց հանրությանը

3 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի բյուջեն ներկայացվեց  հանրությանը

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի բնակիչներին իրազեկման նպատակով ներկայացվեց Գավառի քաղաքի 2015 թվականի բյուջեն, որը կազմվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Համայնքների զարգացում հարավային կովկասում» ծրագրի, ՀՀ ՏԿԱԻ նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ քաղաքում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, իրազեկման հանդիպմանը մասնակցում էին քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Համայնքների զարգացում հարավային կովկասում» ծրագրի նպատակն է ձեւավորել այնպիսի համայնքներ, որտեղ քաղաքացիները ներգրավված կլինեն տեղական զարգացմանը վերաբերող որոշումների կայացման գործընթացում: Ծրագրում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության 10 համայնքներ, որոնցում արդեն ներդրվել է արդյունքահեն բյուջեի կիրառումը: Այս 10 համայնքներից մեկն էլ Գավառ քաղաքն է, ուր ծրագիրն իրականացնում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը եւ «Համայնքների ֆինանսական միավորում» կազմակերպությունը, որոնց փորձագետների եւ քաղաքապետարանի աշխատակիցների համգործակցության արդյունքում էլ կազմվել է Գավառ համայնքի 2015 թվականի արդյունքահեն բյուջեն:

Արդյունքահեն բյուջետավորման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքի զարգացման քառամյա ծրագրի հիման վրա պլանավորել համայնքի առկա ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ եւ հրապարակային: Բյուջետավարման այս ձեւաչափով ամրագրվում է հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի եւ խնդիրների կատարման առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավորման գործառույթների հստակ վերաբաշխումն ու չափելիությունը:

Կազմակերպված հանդիպման ընթացքում Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին, իսկ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ «Համայնքների ֆինանսական միավորում» կազմակերպության փորձագետներ Սուսաննա Բագրատունին և Վահրամ Շահբազյանը կարեւորեցին ծրագրի ներդրումը Գավառ համայնքում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի ՏԻՄ գործունեության արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում