Մարզային

Անդրանիկ Օզանյանի հույն զինվորուհին հանգչում է Արարատի մարզում

3 րոպեի ընթերցում

Անդրանիկ Օզանյանի հույն զինվորուհին հանգչում է Արարատի մարզում

ԱՐՏԱՇԱՏ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Շաղափ համայնքում մայիսի 25-ին Անդրանիկ Օզանյանի զինվորուհու` Քրիստինա-Հայաստանի շիրմաքարի մոտ կկայանա ոգեկոչման արարողություն, որին ներկա կլինեն գրող, անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը, Արարատի մարզային կառույցի ղեկավարները, հյուրեր:

Ռուբեն Սիմոնյանի տվյալներով, Քրիստինա-Հայաստանը հելլենուհի է: Ծնվել է Արեւմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Հասանկալա գավառի Հետքապատ գյուղում` հույն Լազարի ընտանիքում: Հետքապատում հայերի հետ մեկտեղ ապրում էին նաեւ հույներ: Քրիստինան սիրահարվում է իր հարեւան Բարսեղի Հարութ տղային եւ ամուսնանում նրա հետ: Հենց այս ընտանիքով էլ ցեղասպանությունից մազապուրծ` նրանք գալիս են Ղարաբաղ: Այստեղ հիվանդությունից մահանում են Քրիստինա-Հայաստանի ամուսնինն ու չորս զավակները:

Այդ ժամանակ Անդրանիկ Օզանյանը զորքով մտնում է Զանգեզուր: Վրեժի զգացումը սրտում` Քրիստինա-Հայաստանը խնդրում է Անդրանիկին զինվորագրել իրեն: «Անդրանիկը համառում է՝ ասելով, թե աղջիկս, խնայիր քեզ, ջահել ես, գնա ամուսնացիր, զավակներ ունեցիր, թող նրանք կռվեն թշնամու դեմ: Սակայն, Քրիստինա-Հայաստանն ավելի համառ էր: Նա ընդգրկվում է Անդրանիկ Օզանյանի հատուկ ջոկատում, եւ ռուս տղաների հետ կռվում է Զաբուղի կիրճում»,-պատմում է Սիմոնյանը: Հետագայում, երբ Անդրանիկ Օզանյանը լուծարում է կամավորական ջոկատները եւ գնում Էջմիածին զենքը հանձնելու Գեւորգ 5-րդ կաթողիկոսին, Քրիստինա-Հայաստանը Սեբաստացի Կարապատի հետ մնում է Արարատի մարզի Շաղափ գյուղում: Նրանք ամուսնանում են, ընտանիք ստեղծում: Քրիստինա-Հայաստանի ամուսինը մահանում է, եւ շուտով սկսվում է Մեծ հայրենականը: Որդին` Անդրանիկը զոհվում է պատերազմում: Միայնակ մնացած Քրիստինա-Հայաստանը որդեգրում է Սեւանի ավազանից մի պատանու, դառնում է նրան մայր, խնամում նրա երեխաներին: Այժմ Քրիստինա -Հայաստանի աճյունը հանգչում է Շաղափ համայնքում:

Համայնքի երախտապարտ ժողովուրդը, որի մեծ մասը Արեւմտյան Հայաստանից է, խնամում, բարեկարգում է հերոս զինվորուհու գերեզմանը:

Ռուբեն Սիմոնյանն ասաց, որ իր գրչակից ընկերներից տարիներ առաջ լսելով, որ Շաղափում հանգչում է Անդրանիկ Օզանյանի զինվորուհին` գնացել է նրա հետքերով: Երկարատեւ որոնումներից հետո համապատասխան նյութեր է հավաքել Քրիստինա-Հայաստանի մասին, մի կերպ ձեռք է բերել նրա միակ լուսանկարը: Հարուստ նյութերի շնորհիվ ծնվել է նրա նոր ժաղովածու-էսսեն` Քրիստինա-Հայաստանի, Անդրանիկի կյանքի փակ էջերի մասին:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում