Մարզային

Կարկուտը վնասել է Արարատի մարզի երեք համայնքների խնձորենիները

2 րոպեի ընթերցում

Կարկուտը վնասել է Արարատի մարզի երեք համայնքների խնձորենիները

ԱՐՏԱՇԱՏ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 15-ին Արարատի մարզում տեղացած կարկուտը Կանաչուտ, Այգեստան եւ Հնաբերդ համայնքներում վնաս է հասցրել խնձորի այգիներին: Պտուղների ապրանքային տեսքին հասցված վնասը գրեթե 60 տոկոս է, կորուստը` մինչեւ հինգ տոկոս:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ վնաս է հասցվել նաեւ դեղձի, ծիրանի եւ խաղողի այգիներին, որը չնչին է: Կարկտահարված այգիների ընդհանուր տարածքը հասնում է մոտ 150 հա-ի: Ամենից շատ տուժել է Կանաչուտ համայնքը` 90 հա:

Կարկտահարությունից անմիջապես հետո Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանի աշխատակազմի ոլորտի պատասխանատուների հետ այցելել է հիշյալ համայնքներ, տեղում ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, զրուցել գյուղացիների հետ: Տերտերյանը նշեց, որ այս պահին համայնքապետերին հանձնարարված է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված կլինեն մասնագետներ, ավագանու անդամներ, որոնք բարեխղճորեն կուսումնասիրեն եւ կներկայացնեն իրավիճակի իրական պատկերը:

Այն հարցին, թե արդյոք հակակարկտային կայանները չե՞ն նպաստել կարկուտի չեզոքացմանը, վարչության պետն ասաց, որ այս անգամ կարկտաբեր ամպերը եկել էին հակառակ ուղղությունից` Կոտայքի մարզից: «Մեզ մոտ տեղադրված հակակարկտային կայանները գործել են ճիշտ ժամանակին եւ ամբողջ հզորությամբ: Պատճառն այն է, որ կարկուտը սովորաբար այդ ուղղությունից չի լինում, եւ հակակարկտային կայաններն այդ հատվածում քիչ են: Այդ հանգամանքներն էլ հանգեցրեցին նման կորստի»,-նկատեց Տերտերյանը:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում