Մարզային

«Ճչացող լռություն». բացօթյա ցուցահանդես Կապանում

2 րոպեի ընթերցում

«Ճչացող լռություն». բացօթյա ցուցահանդես Կապանում

ԿԱՊԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ Լիլի Կարապետյանը մայիսի 19-ին Կապանի քաղաքապետարանի մերձակա զբոսայգում ներկայացրել է իր «Ճչացող լռություն» ցուցահանդեսը: Վեց քանդակներից կազմված շրջիկ ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլի 24-ին Էջմիածնում, այնուհետեւ՝ մայրաքաղաք Երեւանում եւ մի քանի քաղաքներում շրջելով՝ հասել Սյունիք՝ Սիսիան եւ Գորիս, ի վերջո՝ Կապան: Հայաստանի տարբեր բնակավայրերում եւ Արցախում բաց երկնքի տակ իր աշխատանքները ցուցադրելուց հետո հեղինակը դրանք կներկայացնի նաեւ արտերկրում, որի համար արդեն առաջարկներ է ստացել: Քանդակները բրոնզից են, աշխատանքներում օգտագործվել է նաեւ փայտ, ավազ, երկաթ եւ այլն:

Կարապետյանն ասում է, որ նախաձեռնության նպատակն է եւս մեկ անգամ ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Մեծ եղեռնի փաստին ու խնդիրներին. «Քանի որ սա բոլորիս հուզող հարց է, մտածեցի՝ ինչո՞ւ ամեն ինչ կենտրոնացնենք մայրաքաղաքում. կարծում եմ՝ ճիշտ է, որ այսպես բոլորին էլ մասնակից դարձնենք ցուցահանդեսին, սա ժողովրդական նախագիծ է, որը նախադեպը չունի Հայաստանում»:

Ցուցահանդեսը հետաքրքեց զբոսայգում հավաքվածներին ու անցուդարձ անողներին. այն դիտելու էին եկել նաեւ Կապանի քաղաքապետն ու փոխքաղաքապետը:

Կապանցիները բացօթյա ցուցադրվող քանդակների ներկայությունը կարող են վայելել երկու օր, որից հետո այն կտեղափոխվի Մեղրի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում