ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: XVI դարի բուսաբանության գրքում հայտնաբերվել Է Ուիլյամ Շեքսպիրի՝ հավանաբար կենդանության օրոք արված դիմանկարը. այս հայտնագործությունը կատարել Է բրիտանացի բուսաբան եւ պատմաբան Մարկ Գրիֆիտսը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով "Country Life" հանդեսը:
Գիտնականը հայտարարել Է, որ ինքը «հանճարեղ կոդը» վերծանել ու ճանաչել Է բանաստեղծի գրքի փորագրանկարներից մեկում: Ինչպես նշվում Է, Գրիֆիտսը զբաղվել Է բուսաբանության ռահվիրա Ջոն Ջերարդի կյանքի եւ նրա «Բույսերի ընդհանուր պատմությունը»(The Herball or Generall Historie of Plantes) աշխատության հետազոտությամբ: 1598 թվականին հրատարակված՝ 1400-Էջանոց գրքի տիտղոսաթերթի վրա տպված են չորս պատկերներ: Վերծանելով գույների խորհրդանշանները եւ զինանիշագիտական խորհրդանիշները՝ գիտնականը դրանցից մեկում ճանաչել Է բանաստեղծին. պատկերված տղամարդը բռնել Է հասարակ շահպրակ բույսը եւ եգիպտացորենի կողր. Գրիֆիտսի խոսքով՝ այս բույսերը նշում են Շեքսպիրի «Վեներան եւ Ադոնիսը» պոեմը, ինչպես նաեւ նրա «Տիտոս Անդրոնիկոս» ողբերգությունը:
«Հենց այս տեսքն Էլ ունեցել Է Շեքսպիրը՝ պատկերված բնօրինակից՝ ուժերի ծաղկման շրջանում»,- հայտարարել Է Գրիֆիտսը:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, առայժմ այս հայտնագործությունը չի ստացել գիտական ընկերակցության հաստատումը: