Խճանկար

Անհայտ անձը կրակել է թուրք երգչուհու գլխին

2 րոպեի ընթերցում

Անհայտ անձը կրակել է թուրք երգչուհու գլխին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք երգչուհի Մութլու Քայայի դեմ մահափորձ է իրականացվել երաժշտական մրցույթի մասնակցելու պատճառով: 19-ամյա երգչուհու վրա անհայտ անձը կամ անձինք կրակել են նրա պատուհանից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News-ը, գլխին ստացած հրազենային վնասվածքի հետանքով Քայան տեղափոխվել է տեղական հիվանդանոց, այնուհետև, ելնելով նրա վիճակի ծանրությունից, երգչուհուն տեղափոխել են Դիարբեքիրի հիվանդանոց:

Մութլու Քայան, ով վերջերս մասնակցել էր երաժշտական մրցույթի նախնական փուլին և ստացել էր ժյուրիի անդամներից մեկի հավանությունը, սկսել էր սպառնալիքներ ստանալ իր հոր դիարբեքիրցի բարեկամներից: «Երբ նրանք իմացան, որ ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին, ասացին, որ կսպանեն ինձ: Ես վախենում եմ»,- ավելի վաղ ասել էր նա մրցույթի կազմակերպիչներին:

Ներկայում Քայայի առողջական վիճակը կրիտիկական է: Նա շարունակում է մնալ բժիշկների մշտական վերահսկողության տակ:

Թուրքիայում կանանց նկատմամբ բռնությունները շարունակում են աճել: Միայն 2014 թվականին սպանվել է 249 կին: Ընդ որում, սպանությունների 47 տոկոսը տեղի է ունեցել այն պատճառով, որ կանայք ցանկացել էին ինքնուրույն որոշումներ կայացնել: 2015 թվականի սկզբից Թուրքիայում գրանցվել է արդեն կանանց սպանության 91 դեպք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում