Մարզային

Պարույր Սեւակի տուն-թանգարանը «Թանգարանների գիշեր» նախագծի շրջանակում ունեցել է քառակի պակաս այցելու

5 րոպեի ընթերցում

Պարույր Սեւակի տուն-թանգարանը «Թանգարանների գիշեր» նախագծի շրջանակում ունեցել է քառակի պակաս այցելու

ԱՐՏԱՇԱՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության «Թանգարանների գիշեր» նախագծի շրջանակում Արարատի մարզի Պարույր Սեւակի տուն-թանգարանը մայիսի 16-ին ունեցել է 81 այցելու՝ նախորդ տարվա 358-ի փոխարեն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նշեց, որ այցելուները եղել են մայրաքաղաքից՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից եւ Գեղարքունիքի մարզից: «Որքան էլ զարմանալի է, այցելուներ չենք ունեցել Արարատի մարզից, չեն եկել նաեւ Սեւակի հայրենի գյուղի ոչ դպրոցականները, ոչ էր ուսուցիչները»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ եթե վարժապետը, ուսուցիչը չի գալիս, ինչպե՞ս կարող է նրա դաստիարակած սերունդը գալ. չէ՞ որ նրանք պետք է իրենց հետեւից նոր սերնդին բերեն: «Ամեն կարեւոր միջոցառում դպրոցը պիտի օգտագործի՝ վառ պահելով այն համոզմունքը, որ գիտությունն ու մշակույթը ավելի մշտատեւ են»,-ասաց նա:

Անդրադառնալով «Թանգարանների գիշեր» նախագծի շրջանակում նախորդ տարվա համեմատ այցելուների թվի այդչափ նվազմանը՝ Գրիգորյանը փաստեց, որ այցելուների թիվը կրկնակի նվազել է նաեւ ողջ տարվա կտրվածքով: «Սա իսկապես մտածելու տեղիք է տալիս: Կարծում եմ, սա մշակութային քաղաքականության բացակայության, նաեւ արտագաղթի արդյունք է: Այսօրվա հետզարգացումը, այսօրվա հացի խնդիրը ետ են մղել նմանատիպ հետաքրքրությունները: Փոխվել են օրախնդիր հարցերի եւ հետաքրքրությունների շրջանակները, նման արժեքները ետին պլան են մղվել»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ մեր արժեքները, գենոֆոնդի միջուկի կրողն ու ոսկե երակը պահողը միշտ էլ այն փոքր մասն է կազմել, որը հիմա էլ կա:

…Մայիսի 16-ին միջոցառումների մեկնարկը տրվել է ժամը 16:00-ին` եղեւնաշար ծառուղու երկայնքով տեղադրված լուսավորվող էկրանների վրա զետեղված Մեծ եղեռնին վերաբերող լուսանկարների եւ հոդվածների ցուցադրությամբ: Ժամը 16:30-ից սկսած թանգարանի տարածքում տեղադրված բարձրախոսի միջոցով հնչել են Կոմիտասի «Պատարագը», Մոցարտի «Ռեքվիեմը», ինչպես նաեւ Սեւակի ստեղծագործությունները` հեղինակի կատարմամբ: Թանգարանի սրահում 20:00-ին նախատեսված է եղել նաեւ դասախոսություն, որի ժամանակ գրականագետները պետք է կարդային «Կոմիտասի եւ հայ ժողովրդի նույնության եւ հարատեւության գաղափարը Պարույր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» պոեմում» թեմայով: Սակայն Գրիգորյանը փաստեց, որ այդ ժամերին թանգարանն այցելուներ ընդհանրապես չունեցավ, թեեւ օրակարգը վաղուց ներկայացված եւ տարածված էր, ՀՀ մշակույթի նախարարությունը նույնպես հոգացել էր այդ մասին:

Կարեւորելով նախագիծը, եւ ողջունելով մեկ օրում մեծաքանակ այցելուների ներկայությունը՝ Գրիգորյանն ընդգծեց, թե ցանկալի է, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեն յուրաքանչյուր ամիս` ցերեկային ժամերին:

Այսօր` Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, Սեւակի թուն-թանգարանը կրկին նախապատրաստել է դասախոսություն` նվիրված «Եռաձայն պատարագ» պոեմի 50 -ամյակին: Այդ դասախոսությունը կրում է «Պատգամ ապրողներին» խորագիրը:

Տուն-թանգարանը գործում է 1981թվականից: Ամեն տարի մեծանուն գրողի ծննդյան օրը` հունվարի 24-ին եւ մահվան օրը` հունիսի 17-ին կազմակերպվում են հիմնական միջոցառումները: Իրականացվում են նաեւ ընթացիկ միջոցառումներ` կապված որեւէ ստեղծագործության հոբելյանական լինելու հետ: Այս տարի մարտի 21-ին կայացավ Պարույր Սեւակի տուն-թանգարանին կից կառույցի` Զանգակատան բացման հանդիսավոր արարողությունը: Արդեն Զանգակատուն են տեղափոխվել ֆոնդային նյութերը, որին կհաջորդեն դրանց մշակման, դասդասման, թվայնացման աշխատանքները: Տուն-թանգարանում պահվում են ավելի քան 700 գիտաօժանդակ նյութեր՝ գրքեր, լուսանկարներ, նամակներ, հոդվածներ, 340 միավոր անձնական իրեր:

Սեւակի տուն-թանգարանը «Թանգարանների գիշեր» նախագծին միացել է հենց առաջին տարվանից` 2005 թվականից:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում