Մարզային

Արտաշատում ավարտվեց Գառնիկ Ղուկասյանին նվիրված ատլետիկայի հուշամրցաշարը

2 րոպեի ընթերցում

Արտաշատում ավարտվեց Գառնիկ Ղուկասյանին նվիրված ատլետիկայի հուշամրցաշարը

ԱՐՏԱՇԱՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 16-ին եւ 17-ին անցկացված ՀՀ ատլետիկայի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան ատլետիկայի հանրապետական 23-րդ հուշամրցաշարում 400 մ արգելավազք մրցաձեւում` Ռոման Ալեքսանյանը եւ 100 մ արգելավազքում` Օլգա Շիպիլովան զբաղեցրեցին առաջին հորիզոնականը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ 4x400մ փոխանցումավազքում Արտաշատի թիմը դարձավ հուշամրցաշարի չեմպիոն /Կարեն Մելքոնյան, Ռոման Ալեքսանյան, Դավիթ Թադեւոսյան, Ժորա Ներսիսյան/: 4x400 մ փոխանցումավազք մրցաձեւում Արտաշատը ներկայացնող երկրորդ հավաքականը գրավեց երրորդ մրցանակային տեղը:

Բրոնզե մեդալների են արժանացել Արշակ Մխիթարյանը` 100մ եւ 200մ մրցավազքում, Դավիթ Թադեւոյանաը` 1500մ մրցավազքում:

Սիմոնյանը բարձր գնահատեց արտաշատցի աղջիկների եւ տղաների մրցելույթները: Նա ակնածանքով խոսեց հատկապես Օլգա Շիպիլովայի եւ փոխանցումավազքում հանդես եկած չորս պատանիների վերաբերյալ, ովքեր, նրա խոսքով, ցուցադրեցին գեղեցիկ ելույթներ:

Հուշամրցաշարին մասնակցում էին Արտաշատի, Կապանի, Վանաձորի, Երեւանի, ԼՂՀ-ի թիմերը, որոնք ներկայացնում էին 120 մարզիկներ: Երկու օր տեւած հուշամրցաշարում մարզիկները մրցեցին 100մ, 200մ, 800մ, 1500մ, 3000մ վազք, 100 եւ 400 մ արգելավազք, 4x100մ եւ 4x400մ փոխանցումավազք, գնդի հրում, սկավառակի, նիզակի եւ մուրճի նետում, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ մարզաձեւերում:

Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով: Մրցաշարին հետեւում էին ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Մրցաշարն իրենց ներկայությամբ պատվել էին Գառնիկ Ղուկասյանի հարազատները, սպորտի վարպետներ, վաստակաշատ ատլետներ:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում