Մարզային

Գյումրիում գործող բոլոր թանգարանները միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային

3 րոպեի ընթերցում

Գյումրիում գործող  բոլոր թանգարանները միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում գործող բոլոր թանգարանները ևս միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային: Քաղաքի բոլոր թանգարաններն իրենց ծրագրերը կազմելիս փորձել են լինել ինքնատիպ: 2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրով անցկացվող միջոցառումները ևս անմասն չեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայից: Քաղաքում գործող բոլոր թանգարանները փորձել են խորագրին հավատարիմ մնալ և հատուկ ցուցադրություններ են պատրաստել այցելուների համար:

Թեև բոլոր թանգարաններում միջոցառումները մեկնարկել էին մայիսի 16-ին և շարունակվել մինչև ուշ գիշեր, մայիսի 17-ի վաղ առավոտվանից թանգարանները կրկին բաց էին ինչպես գյումրեցիների, այնպես էլ քաղաք այցելած մեծաթիվ հյուրերի՝ այդ թվում նաև «Եվրոպայի օր» ծրագրի շրջանականերում Գյումրիում գտնվող ԵՄ պատվիրակության՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանների առջև:

Քաղաքում միջոցառումների շրջանակում ամենամարդաշատը Վարպետաց փողոցն է, որտեղ տեղակայված են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանները և Մհեր Մկրտչյանի թանգարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Մնացականյանը, այս մեկ օրվա ընթացքում թանգարանները կարող են ունենալ այնքան այցելու, որքան մեկ ամսվա ընթացքում: Ավելին, սա դարձել է ընտանեկան տոն. թանգարան այցելում են ընտանիքներով, ինչը շատ կարևոր է:

Թանգարաններ այցելած երիտասարդները ոչ միայն ծանոթանում էին ցուցադրություններին, մասնակցում միջոցառումներին, այլ նաև իրենք, սեփական ցանկությամբ, երգում կամ պարում էին՝ ամբողջացնելով մշակութային միջոցառումները:

Այցելուների պակաս չեն ունեցել նաև Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը, Գյումրու Ժողովրդական Ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը: Ասմունք, գեղանկարների և ձեռքի աշխատանքների, ազգային տարազով տիկնիկների ցուցադրություն, տիկնիկային և թատերական ներկայացումներ, համերգ, ինտելեկտուալ խաղեր, հագուստի և, վերջապես, նոր ֆոնդի ցուցադրություն. այս միջոցառումներն են նախատեսել թանգարաններն իրենց այցելուների համար:

Գյումրու բոլոր թանգարաններն առանձնակի են մոտեցել այս օրվան` միջոցառումները նվիրելով «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ Հայաստանուն և Արցախում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում