Գյումրեցիները նշեցին Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մայիսի 16-ին Գյումրիում նշվեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Համաքաղաքային միջոցառմանը մասնակցում էին Գյումրու քաղաքապետարանի ենթակայության բոլոր մշակութային կառույցները: Երգն ու պարը, ազգային ավանդույթներ ներկայացնող ծեսերը Համբարձման տոնի խորհուրդն ունեին:
«Տոնին նվիրված եկեղեցական մասը եկեղեցին անում է, մեր նպատակն էր իրականացնել տոնին նվիրված այն հատվածը, որն ազգայինն է, այն վերականգնելը: Սա շատ գունեղ ու հայկական դիմագիծը ներկայացնող ծեսերից մեկն է, որ պետք է պահպանվի ու փոխանցվի սերունդներին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Մկրտչյանը:
Համբարձումը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում՝ սա է տոնի նշանակությունը: Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «վիճակ» կամ «ջան գյուլում» անվանումներով: Համբարձումը տարիների ընթացքում վերածվել է ժողովրդական տոնակատարության՝ հավաքում է 7 գույնի ծաղիկ« կժի մեջ լցվում է 7 աղբյուրի ջուր« իրենց նշանները երիտասարդները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում« որից հետո կատարում գուշակություններ։
Համբարձումն առանձնանում է տոնախմբություններով՝ տոնին նվիրված երգ ու պարով, ինչպես նաև խաղերով: «Սա արմատներին վերադառնալու փորձ է, և դա բնական է: Համբարձումը ժողովրդական տոն է: Տոնի միայն մի հատվածն է եկեղեցական: Տարիներ շարունակ այս տոնը մեր ժաղովուրդը որպես ժողովրդական է նշում: Հուսանք, որ նմանօրինակ միջոցառումները կստիպեն, որ Համբարձման տոնը ժողովրդի կյանքից ներս մտնի ու թափով ու գեղեցկությամբ տոնվի»,-«Արմենպրես»-ին նշեց Տեր Նշան քահան Պանֆյորովը :
Արմենուհի Մխոյան