Շիրակում բացվեց Ճգնաժամային կառավարման կենտրոն
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մայիսի 15-ին, Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում, մասնակցել է մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացմանը:
Մարզային փրկարարական վարչության պետ փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է նորաբաց ՃԿԿ-ում, ծանոթացել խորհրդակցությունների, օպերատորների սենյակների և դահլիճի հնարավորություններին« աշխատակիցների հանգստյան սենյակի պայմաններին, ինչպես նաև հաշմանդամների համար նախատեսված հատուկ հարմարություններին:
Նշենք, որ մարզի փրկարարական վարչությունն իր բոլոր ստորաբաժանումներով, ՃԿԿ-ն, ինչպես նաև «911» ծառայությունն այսուհետեւ տեղեկայվելու են Գյումրու ավագանու որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրված տարածքում՝ Դեմիրճյան, 23 հասցեով: Շուրջ 460 քառակուսի մետր տարածք ունեցող կառույցը, որը տնակային շինություն է, նախկինում ծառայել է որպես մանկապարտեզ: Տարածքը ոչ միայն վերանորոգված է, այլ նաև ամբողջովին վերազիննված՝ ծառայության համար անհրաժեշտ տեխնիկայով: Բացի արտակարգ դեպքերի զանգերի ընդունման, գործողությունների համակարգման աշխատանքներից, տեղում իրականացվում են նաև հիդրոմետ և սեյսմիկ ուսումնասիրություններ:
Արմեն Երիցյանը տեղում ծանոթացել է նաև «911» ծառայության օպերատորների աշխատաքներին՝ բոլորին հանձնարարելով լինել շատ զգոն և ցանկացած զանգի պատասխանել:
Կարևորելով Շիրակում ՃԿԿ-ի և «911» ծառայության գործունեությունը՝ ՀՀ ՏԿԱԻ նախարարը լրագրողների վստահեցերց, որ այս կառույցն ավելի արդյունավետ է դարձնելու ցանկացած փրկարարական աշխատանք: «Սա մեր հերթական գնաժամային կառավարման կենտրոնն է հանրապետությունում: Արդեն տվել եմ հանձնարարականներ և վստահեցնում եմ, որ «911» ծառայությանն արված ցանկացած զանգ անպատասխան չի մնալու՝ լինի կենցաղային, թե հանցագործության հետ կապված: Ընդհանուր առմամբ, այն բոլոր խնդիրները, որ ունի քաղաքացին, պետք է տեղում լուծվեն: Ամենօրյա ինֆորմացիա կտրամադրվի մարզպետին և իրավապահ մարմիններին»,-նշեց նախարարը: Անդրադառնալով կառույցի տնակային լինելու հանգամանքին՝ Արմեն Երիցյանը նշեց, որ կառույցը բավական հարամարավետ է և, ամենակարևորը, ապահով, սեյսմակայուն, եվրոպական ստանդարտներին համապատասխանող:
Արմենուհի Մխոյան