Մարզային

Արարատի մարզում առաջին դասարանն ավարտում են 3462 աշակերտ

3 րոպեի ընթերցում

Արարատի մարզում առաջին դասարանն ավարտում են 3462 աշակերտ

ԱՐՏԱՇԱՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի մարզպետարանի ենթակայության 107 դպրոցներում այս տարի գրաճանաչ դարաձան եւ առաջին դասարանն են ավարտում 3462 երեխա, որոնք բաշխված են 161 դասարանների միջեւ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնից, ուսումնական տարվա մեկնարկին մարզում առաջին դասարանցիների թիվը 3618 էր. նախորդ` 2013-14 ուստարվա համեմատ նրանց թիվն ավելացել էր 151 աշակերտով: Սակայն այսօր արդեն նրանց թիվը նկատելիորեն նվազել է` նրանք փոխել են բնակույթան վայրը. մի մասը տեղափոխվել է մայրաքաղաք կամ հանրապետության այլ մարզեր, որոշ մասն էլ ընտանիքով բնակության է մեկնել արտերկիր:

Արդեն երրորդ օրն է, որ մարզի դպրոցներում մեկնարկել են Այբբենարանին նվիրված ցերեկույթները: Վարչությունից տեղեկացրեցին, որ գրաճանաչության այդ յուրօրինակ քննությունը մարզի տարբեր դպրոցներում կշարունակվի եւս մի քանի օր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արտաշատի տարածաշրջանի Ոստանի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր լայնածավալ միջոցառում, որի ժամանակ 20 առաջին դասարանցիներ հրաժեշտ տվեցին Այբբենարանին: Հանդիսությանը հրավիրված էին մարզպետարանի կրթության բաժնի եւ համայնքապետարանի աշխատողները, ծնողները, ուսուցչական կոլեկտիվը, գյուղապետ Հակոբ Խաչատրյանը: Հետաքրքիր եւ նոր լուծումներով հանդեսի ավարտից հետո դասվար Նարինե Մելիքյանը շնորհավորեց ծնողներին, դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանին` եւս մի սերունդ գրաճանաչ դարձնելու համար:

Ուսուցչական կոլեկտիվին, ծնողներին, երեխաներին շնորհավորեց գյուղապետ Հակոբ Խաչատրյանը եւ ընդգծեց, որ կցանկանար, որպեսզի այսօր Այբբենարանին հրաժեշտ տար ոչ թե մեկ, այլ մի քանի դասարան:

Դպրոցի ուսմասվար Ցողիկ Առուստամյանն ընդգծեց այն դժվարին աշխատանքը, որ կատարում են դասվարները աշակերտներին գրաճանաչ դարձնելու ճանապարհին, եւ ցանկացավ, որ աշակերտներն առաջին հերթին պիտանի մարդ դառնան հայրենիքի ու հասարակության համար:

Դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանը նույնպես գովեստի խոսքեր ասաց հարուստ ու բովանդակալից միջոցառման համար: Նա իր խոսքում գնահատեց այն ծանր աշխատանքը, որ կատարել է դասվարը եւ ավելացրեց, որ երեխաները դեռ շարունակելու են իրենց ճանապարհը մինչեւ 11-րդ դասարան: Այս ճանապարհին նրանք սովորելու, մարդ դառնալու ասպարեզում դեռ շատ անելիքներ ունեն:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում