Զովաբերցի պատանի մարզիկը կմասնակցի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի պատանի մարզիկ, թաեքվոնդոիստ Դավիթ Թորոսյանը, հաղթելով հանրապետական առաջնությունում, նվաճել է Եվրոպայի առաջնության մասնակցի ուղեգիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանը, Դավիթ Թորոսյանը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցած հանրապետական առաջնությունում անցկացրել է հաղթական չորս մենամարտ՝ 33-37 կիլոգրամ քաշային կարգում առավելության հասնելով ինչպես Եվրոպայի առաջնության 2013 թվականի մասնակցի, այնպես էլ Հայաստանի նախորդ տարվա մրցաշարի հաղթողի հանդեպ:
Դավիթ Թորոսյանը Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է նաեւ նախորդ մրցաշրջանում, 33 կիլոգրամ քաշային կարգում: Զովաբեր գյուղը շուքով ու ցնծությամբ է դիմավորել իր մարզիկին: Դավիթն այս տարվա հունիսի 29-ին կմեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը: «Գյուղապետարանն անելու է հնարավորը, որպեսզի հոգա Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճած իր մարզիկի ուղեւորության եւ սննդի ու գիշերակացի ծախսերը:Մեր սպասելիքները մեծ են Դավթից, հավատում ենք, որ նա Ստրասբուրգից էլ կվերադառնա մրցանակով՝ նոր էջ գրելով մեր գյուղի նվաճումների պատմության մեջ»,-նշեց Սամվել Եսայանը:
ԽոսրովԽլղաթյան