Շիրակի թեմի երիտասարդները նշում են Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք և Սուրբ Հակոբ եկեղեցիների եկեղեցասեր երիտասարդաց միությունները և ԱՐՏ կազմակերպությունը համատեղ նշում են Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Մինչ տոնին նվիրված և գրեթե մոռացած ավանդություններին անցնելը, երիտասարդները դեռ նախորդ օրը մասնակցել են երեկոյան ժամերգության, իսկ առավոտյան թեմի եկեղեցիներում մատուցվող Սուրբ պատարագին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սուրբ Յոթ Վերքի երիտասարդաց միության անդամ Նազիկ Նիկոլյանը, նպատակը ոչ միայն հին ավանդույթները վերականգնելն է, այլ նաև Տիրոջ համբարձման առիթով ուրախանալը: «Միջոցառումները սկսել ենք մայիսի 13-ից: Պահպանվել և այս ընթացքում էլ պահպանվելու են տոնին նվիրված ամեն մի մանրուք՝ 7 ծաղկի, 7 աղբյուրի խորհուրդները, վիճակի կուժը, որը ժամերգությունից հետո մնացել է եկեղեցում: Պատրաստվելու են հատուկ այս տոնին նվիրված ծիսական կերակրատեսակներ՝ կաթնապուր, տապկոց: Ամեն ինչ ավանդական է: Հիմնական միջոցառումներն իրականացվելու են երեկոյան ժամերգությունից հետո, կատարվելու է վիճակահանության ծեսը: Միջոցառմանը հրավիրված են հոգևորականներ: Հետո կլինի ավանդական երգ ու պար: Փորձել ենք նաև վերականգնել մեկ այլ ավանդույթ ևս՝ փոքրիկները Համբարձման տոնի ավետիսը կփոխանցեն մեր քաղաքի բնակիչներին՝ տնետուն գնալով և ջանգյուլում խաղալով: Խմբերի մեջ կլինեն փոքրիկներ «Սուրբ Սարգիս» կիրակնօրյա դպրոցից և «Հայ Մանուկ» խմբից,- նշեց Նազիկ Նիկոլյանը:
Համբարձումը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո« հինգշաբթի։ Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում. սա է տոնի նշանակությունը: Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «վիճակ» կամ «ջան գյուլում» անվանումներով: Համբարձումը տարիների ընթացքում վերածվել է ժողովրդական տոնակատարության՝ հավաքվում է 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցվում է 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները երիտասարդները գցում են ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, որից հետո կատարում գուշակություններ։ Համբարձումն առանձնանում է տոնախմբություններով՝ տոնին նվիրված երգ ու պարով, ինչպես նաև խաղերով: Հայ Առաքելական Սբ Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաև 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սիսից տեղափոխելու և Սբ Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը:
Արմենուհի Մխոյան