Մարզային

Արարատի մարզի գրադարանների գրքային ունեցվածքը 792 364 կտոր է

3 րոպեի ընթերցում

Արարատի մարզի գրադարանների գրքային ունեցվածքը 792 364 կտոր է

ԱՐՏԱՇԱՏ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում գրադարանների թիվը 94 է, որից 84-ը` գյուղական, վեցը` քաղաքային, երկուսը` մանկական, մեկական` մարզային կենտրոնական եւ տարածքային կենտրոնական:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանի տնօրեն Յուրա Պետրոսյանն ասաց, որ, ամփոփված արդյունքներով, մարզի գրադարանների գրքային ունեցվածքը կազմում է 792 հազ. 364 կտոր: Նախորդ տարվա ընթացքում գրադարաններից օգտվողների թիվը եղել է 34 հազ. 851, սպասարկված միավորների թիվը` 534 հազ. 811, որից գրքերի եւ մամուլի միջոցով` 84 հազ. 560, էլեկտրոնային սպասարկման միջոցով` 1635: Ամենից շատ օգտվել են գյուղական գրադարաններից: Ընդհանուր օգտվողներից առաջին տեղում են միջնակարգ կրթություն ունեցողները, այնուհետեւ 15 եւ ցածր տարիքի երեխաները:

Նախորդ տարվա ընթացքում գրադարանային հավաքածուները համալրվել են 1271 միավորով, որոնցից 215-ը` մանկական: Ձեռք բերվող գրքերի քանակը 170 միավոր է, պարբերականներինը` 21 միավոր, նվիրաբերվող գրքերինը` 1078 եւ այլն:

Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանի գրքային ունեցվածքը 101 հազ. 019 է, որից թվայնացված է միայն հայերեն ֆոնդի 50 տոկոսը` շուրջ 15 հազ. միավոր: Մարզային գրադարանի գրքային ունեցվածքի 53 հազ. 301 կտորը հայալեզու են, 47 հազ. 067-ը` ռուսալեզու, իսկ 651-ը` այլ լեզուներով : Գրադարանի տնօրենը նշեց, որ չունեն ռուսերենի էլեկտրոնային քարտադարան, քանի որ չունեն ծրագիր եւ նոր տեխնոլոգիայի մասնագետներ:

Պետրոսյանը նշեց, որ մարզի 97 համայնքներից 96-ում կան գրադարաններ, սակայն դրանց ակտիվ գործունեության, առկա գրքերի ակտավորման վերաբերյալ մարզային գրադարանը իրավասու չէ: Նրա խոսքով, մարզային գրադարանն այսօր մնացյալ գրադարանների համար հանդես է գալիս միայն որպես մեթոդական-տեղեկատվական կենտրոն, այդ իսկ պատճառով այդ պարագայում ոչինչ անելու իրավունք չունի:

1948 թվականին հիմնադրված Արարատի մարզային գրադարանը Հայաստանի կառավարության որոշմամբ 1977 թվականից կրում է Օհան Ստեփանի Չուբարյանի անունը: Այն մարզի գլխավոր պետական գրադարանն է: Այս տարի ապրիլի 1-ին տեղի ունեցավ անվանի գրադարանագետ-մատենագետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Չուբարյանի բրոնզաձույլ կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որի հեղինակը տաղանդավոր քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն է: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Չուբարյանի որդին` Ալեքսանդր Չուբարյանը, ով ժամանել էր Մոսկվայից:

Գրադարանը վերանորոգվել է 2011թ. պետբյուջեով, որի համար հատկացվել է 53 մլն 300 հազ. դրամ: Իսկ նախորդ տարի անցկացվել է ջեռուցման համակարգ` 3 մլն 300 հազ. դրամի հատկացմամբ, 3 մլն դրամով գնվել է կահույք եւ տեխնիկա:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում