Ինտեգրված բաց դասերը նվիրված էին Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում ապրիլի 17-ից մեկնարկեցին ինտեգրված բաց դասերը` նվիրված Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ին պատմեց դպրոցի տնօրեն ԱննաՆիկողոսյանը՝ բաց դասեր անցկացվեցին «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Գրականություն», «Պատմություն», «Օտար լեզու», «Աշխարհագրություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Երաժշտություն» առարկաներից: Մաթեմատիկայի դասի ժամանակ աշակերտները լուծեցին ֆունկցիաներ եւ, օգտագործելով տառերի թվային արժեքը, ստացան «Հիշում եմ եւ պանաջում» նշանաբանը, նշեցին, թե որ երկրում հիմա քանի հայ է ապրում, հաշվեցին, թե որքան կկազմեր այժմ հայ բնակչությունը, եթե չլիներ ցեղասպանությունը:

«Կենսաբանության» դասին ներկայացվեց անմոռուկ ծաղիկի կառուցվածքը, օգտակար նշանակությունը, նաեւ բացատրվեց անմոռուկի նշանակությունը` որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակման խորհրդանիշ: Խոսվեց համաճարակների, հիվանդությունների մասին, որոնք առաջացան պատերազմի պատճառով: Քննարկվեցին եւ համեմատվեցին հայկական եւ թուրքական գեները, կատարվեց եզրակացություն:

Դասը շարունակեց հոգեբանը. նա խոսեց որբերի հոգեբանության մասին: Պատմության դասի ժամանակ աշակերտները լսեցին 1914-1915 թվականների քաղաքական իրավիճակի, պատմական իրադարձությունների եւ զարգացումների մասին, բեմադրվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, ցուցադրվեց համապատասխան տեսանյութ: Օտար լեզվի բաց դասերի ժամանակ աշակերտները ռուսաց լեզվով, անգլերենով, գերմաներենով եւ ֆրանսերենով ներկայացրին թուրքերի կողմից իրականացրած ցեղասպանությունը եւ դատապարտեցին այն: Դիտեցին տեսահոլովակներ Հայաստանի եւ տարբեր երկրների համագործակցության մասին, նշվեցին այն երկրները, ԱՄՆ-ի այն նահանգները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը:

Խոսվեց նաեւ բոլոր օտարազգի այն անվանի մարդկանց մասին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Հայկական հարցի լուծման գործում: Դասը շարունակեց «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհին, ով խոսեց մարդկանց իրավունքների եւ դրանց ոտնահարման մասին` Թուրքիայից պահանջելով ցեղասպանության ճանաչում եւ արժանի հատուցում: «Աշխարհագրություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Երաժշտություն» առարկաների բաց դասերին աշակերտները հիշատակեցին այն քաղաքների, գյուղերի անունները, որոնք հայաթափվեցին եւ ավերվեցին, քարտեզի վրա ցույց տվեցին այն երկրները, որտեղ ապաստանեցին եղեռնից փրկված հայերը եւ ստեղծեցին հայկական սփյուռքը: Տեսանյութերի միջոցով ցուցադրվեցին այն եկեղեցիները, որոնք մնացին թուրքերի ձեռքում եւ ավերվեցին: Հիշատակվեցին այն հոգեւորականների անունները, ովքեր զոհ գնացին թուրք մարդասպաններին, հնչեց աղոթք նրանց համար: Իսկ Կոմիտասի մասին կենսագրական տեղեկությունները, հետաքրքիր տեսանյութը, կոմիտասյան երգն ու երաժշտությունը հուզեցին բոլոր ներկաներին: Գրականության բաց դասը սկսվեց Տերունական աղոթքով: Դասին «ներկա էին» նաեւ Մամփրե արքան, Խ. Աբովյանը, Գ. Զոհրապը, ովքեր աշակերտներին «հորդորեցին» աչքի լույսի պես պահել հայոց սուրբ տառերը, հավատը, արյան գնով պաշտպանել հայրենիքը:

Անմոռուկի վրա փակցվեցին եղեռնին զոհ գնացած գրողների նկարները, ներկայացվեցին տեղեկություններ նրանց մասին: Աշակերտները ներկայացրին 1915 թվականի պատմական իրադարձությունները, դատապարտեցին պատերազմը, արժեւորեցին խաղաղությունը և իրենց ասմունքով ու խոսքով ցույց տվեցին, որ հայ ժողովրդի արժանի զավակներն են: Դասն ավարտվեց Դանիել Դեքերի և Արա Գևորգյանի «Ադանա» երգով:

Բաց դասերի եզրափակմանը բեմադրվեցին հատվածներ Պ. Զեյթունցյանի «Վերջին արևագալը» գրքից, աշակերտները ասմունքեցին Հ. Շիրազի «Հայոց դանթեական»-ից, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սևակի ստեղծագործություններից:

Բաց դասերին ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի մասնագետ Գոհար Մալխասյանը, Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն English