«Ականատեսը». թուրքը հոգի չունի. 103-ամյա Լուսիկ Անդրեասյանի կյանքի պատումը

6 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վանաձորի «Ղշլաղ» կոչվող թաղամասի հին տներից մեկում ծառերն արդեն ծաղկել են, բայց գարնանային գեղեցիկ բնապատկերը սեփական աչքերով տեսնելու հնարավորություն տանտիրուհին չունի: Լուսիկ Անդրեասյանը ծնվել է 1912 թվականին Կարսում: Չնայած առողջական խնդիրներին, տեսողության կտրուկ անկմանը` ծննդավայրը հիշելու առաջարկը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը չի մերժում:

«Ես երեք տարեկան եմ եղել: Մայրս ինձ իր հետ բերել է: Փախեփախ եկանք, տուն-տեղ ապրուստ թողեցինք փախանք: Էլ ոչ մի բանի, ոչ շորի, ոչ տեղաշորի, ոչ ապրանքի չնայելով` փախանք: Ես Ղարս եմ ծնվել, բալա ջան: Փախչելով մեր հոգին ենք փրկել»,- սկում է վերհուշը Լուսիկ Անդրեասյանը: Ստույգ չմտաբերելով գաղթի տարեթիվը` նա ընդգծում է, որ ունեցել է և ծնողներ, տատ ու պապ, քույրեր և եղբայրներ: Հիշելով մորը` Սանամին և հորը` Թորոսին, նա փաստում է, որ իր պապը Մարգարը, Ղարսում լավ համբավ է ունեցել:Պատմական հայրենիքում իմանալով թշանամու գալստյան մասին` ընտանիքը հապշտապ հեռացել է` թողնելով ողջ ունեցվածքն ու հարստությունը, այդ թվում անասուններին:

Պատմականտեղեկանք

Կարսը (կոչվել է նաեւ Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս եւ այլն) Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում: 1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ. մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–20 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: Այժմ այն շուրջ 65 հազար բնակիչ (հիմնականում՝ քրդեր և թուրքեր) ունեցող գավառական քաղաք է, Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը: Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար): Հայտնի էին նաեւ հայկական Սբ Նշան, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր, Սբ Մարիամ, Սբ Առաքելոց, ինչպես եւ Միքայել Հրեշտակապետի ռուսական և Սբ Գևորգ հունական եկեղեցիները, Կարսի բերդը, Կարս գետի քարաշեն 3 կամուրջները և այլ շինություններ:

«Մեռնում էինք։ Լաց-կոծ, ջանիդ մեռնիմ, օր ու արևներս կորավ: Մեզ սպանել են, սպանել են, կտրել, թուրքին ինչ հոգի»,- շարունակում է պատմության հերոսուհին: Ճանապարհին դժվարություններին` սովին, ծարավին, չդիմանալով՝ մահացել է Լուսիկի քույրը, ով հինգ տարեկան էր:

Գաղթը վերհիշելիս ականատես-վերապրածի հիշողության մեջ շատ դաժանությունների կողին վառ է հատկապես հղի կանանց նկատմամբ բռնության տեսարանը: «Գիտես էդ շներն ինչ էին անում. Էրեխանցը խշտիկ էին հանում, զարկում սպանում էին։ Աղջիկների երեսները սև մազութ, չամուռ-մամուռ էին քսում, որ թուրքերը տեսնեին կեղտոտ են, չտանեին։ Փախցնում, տանում էին, համ մնդռում էին, համ ծեծում-ջարդում էին»,- ասում է Վանաձորի տարեց բնակիչը, ով մտաբերում է ևս մեկ դաժան դրվագ. Լուսիկի ընտանիքը կամրջի տակ է մտել ու թաքնվել, թուրքերը կամրջի վրայով հայ գաղթյալներին են անցկացրել` թրով-թվանքով, կամրջի վրայից էլ միզելով թաքնված ընտանիքի անդամների վրա: Լուսիկի ծնողներին այդպես է հաջողվել ողջ մնալ:

«Դիլիջանից Ապարան, ապա` Ղշլաղ»,- սա է Լուսիկ տատի մատնանշած տարագրության ուղին: Վերջին հանգրվանում` Լոռու մարզում, ընտանիք կազմելուց հետո ծնունդով նույնպես ղարսեցի ամուսնուն` Սահակին, տուն են հատկացրել: Երկուսն էլ ժրաջան աշխատել են ողջ կյանքում որպես փոստարար, զբաղվել են նաև գյուղատնտեսական աշխատանքով: «Աշխատել ենք, մեր աշխարհով ապրել»,- մեջբերում է զրուցակիցը:

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը, չնայած ձեռքբերովի կուրությանը` իր տարիքի համար նախանձելի առույգությամբ է պատմում անցյալի մասին, երբեմն արտասվելով, երբեմն էլ կատակելով:

Լուսիկ Անդրեասյանն ունեցել է չորս երեխա, որից երկու որդիները մահացել են: Այժմ 7 թոռ, 1 ծոռ ունեցող կինն ապրում է աղջկա հետ, որն ունի լսողական խնդիրներ, մյուս դուստրն էլ պարբերաբար այցի է գալիս: Անկախ դժվարություններից` ապրած կյանքից գոհ է:

Իրեն այցի եկածների, հատկապես երիտասարդների հասցեին օրհնանքներ ու բարի խոսքեր է շռայլում` հույս ունենալով, որ հաջորդ սերունդներին առավել լուսավոր ապագա է սպասում: Նա պարբերաբար մեջբերում է նաև մորից` Սանամից, իրեն փոխանցված աղոթքները, որոնցով ժամանակին մայրը նաև բուժել է մարդկանց: Ի տարբերություն մյուս ականատես-վերապրածների` նա նորից հայրենիքը տեսնել չի ցանկանում, սարսափում է: Կարսը նրա բնորոշմամբ «դրախտ» էր, որը նրանք կորցրին առհավետ: Գոհ է հարևանների` իր հանդեպ վերաբերմունքից: Ասում է «ոսկի» հարևաններ ունի:

Հայաստանի տարածքում բնակվող վերջին ականատես-վերապրածների պատմությունները հավաքելու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալության ստեղծագործական խումբը «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում շարունակում է մարզային այցելությունները: Հանրապետությունում ներկայում ապրում են շուրջ 27 ականատես-վերապրողներ, որոնց մեծ մասը կանայք են:

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անի Նազարյանը

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը