Գյումրիում կայացավ Լուիզ Բուրժուայի ցուցահանդեսի առցանց շնորհանդեսը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում մայիսի 11-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ քանդակագործ Լուիզ Բուրժուայի «Ես եղել եմ դժոխքում և հետ եկել» խորոգիրը կրող ցուցահանդեսի շնորհանդեսը՝ «Սկայպ»-ի միջոցով՝ Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանից: Պատկերասրահը ցուցադրությունը կազմակերպել է Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանի հետ: Այն ներկայացրեց Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանի միջազգային արվեստի գլխավոր համադրող` Իրիս Մյուլլեր Վեստերմանը:
Մինչ ցուցադրությունը, մայիսի 10-ին, գյումրեցի արվեստասերները հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու ծագումով ֆրանսիացի, ԱՄՆ- բնակվող արվեստագետի աշխատանքներին, որը ներկայացնում էր Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ, արվեստագետ Ազատ Սարգսյանը: Ի դեպ, «Ես եղել եմ դժոխքում և հետ եկել» խորոգիրը կրող ցուցահանդեսն առաջին անգամ բացվել և մինչ օրս ցուցադրվել է միայն Ստոկհոլմում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պատասխանատու Վահագն Ղուկասյանը, սա լավագույն հնարավորությունն է համաշխարհային ճանաչում ունեցող արտիստ-քանդակագործի աշխատաքներին ծանոթանալու: «Պատկերասրահը նմանատիպ ցուցադրություններ անպայման կանցկացնի նաև ապագայում ՝ կազմակերպելով ցուցադրություններ այլ թանգարաների հետ: Պատկերասրահը չի սահմանափակվի միայն Ասլամազյան քույրերի աշխատանքները նման կերպ այլ երկրենրի թանգարաններում ցուցադրելու գործընթացով, այլ նաև կկազմակերպի աշխարհահռչակ արվեստագնետների առցանց ցուցադրություններ գյումրեցիների համար: Սա միջմշակութային կապի զարգացման գերազանց հնարավորություն է»,- նշեց Վահագ Ղուկասյանը:
Արմենուհի Մխոյան