Մարզային

Արարատցի սամբիստները արտաշատյան բաց առաջնությունում նվաճել են չորս ոսկե մեդալ

2 րոպեի ընթերցում

Արարատցի սամբիստները արտաշատյան բաց առաջնությունում նվաճել են չորս ոսկե մեդալ

ԱՐՏԱՇԱՏ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում մայիսի 10-ին Շուշիի ազատագրման 23-րդ ամյակի կապակցությամբ անցկացված ամենամյա սամբոյի բաց առաջնությանը Արարատի մարզի ութ մարզիկներ նվաճել են մրցանակային տեղեր: Արարատի մարզի մենամարտային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հախումյանցի խոսքով՝ չորս մարզիկ նվաճել են ոսկե մեդալներ` Հենրիկ Մեջլումյանը /23 կգ քաշային/, Հովհաննես Ներսիսյանը / 26 կգ քաշային/, Իշխան Դավթյանը /45 կգ քաշային/ եւ Պետիկ Պետրոսյանը / 62 կգ քաշային/: Բրոնզե մեդալներ են նվաճել ևս չորս մարզիկ` Վահե Մարգարյանը /23 կգ քաշային/, Վաղինակ Մխիթարյանը /29 կգ քաշային/, Հակոբ Հակոբյանը /35 կգ քաշային/ եւ Արման Պետրոսյանը /53 կգ քաշային/:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հախումյանցն ասաց, որ ամենամյա դարձած այս առաջնության նպատակն է տվյալ մարզաձևի մասսայականացումը պատանիների ու երիտասարդների շրջանում, մարզական ակումբների միջեւ կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ փոքր տարիքի սամբիստների պատրաստվածության ու նրանց մարզիչների որակավորման ստուգումը: Ֆեդերացիայի նախագահը նկատեց, թե մրցումները ցույց տվեցին, որ այս տարիքի երեխաների հետ դեռ շատ անելիքներ կան: «Առաջնությանը մասնակցած մարզի սամբիստներից ոչ մեկը չի նվաճել երկրորդ մրցանակային տեղ: Անհրաժեշտ է, որ մեր երրորդ տեղ գրավածներն ավելի ուժեղանան»,-ասաց նա՝ ավելացնելով, որ առաջնությունն անց է կացվել 14 քաշային կարգում, բայց իրենք ոչ բոլոր կարգերում են կարողացել ցույց տալ բարձր արդյունքներ:

Արարատի մարզից առաջնությանը մասնակցել են 18 սամբիստներ, որոնց մարզում են Արթուր Հախումյանցը, Ստյոպա Խաչատրյանը եւ Ալիկ Խաչատրյանը:

Առաջնությանը մասնակցել են Գյումրիի, Եղվարդի, Զառ գյուղի /Աբովյան/, Մասիս գյուղի եւ Արտաշատի ավելի քան 60 սամբիստներ: Մրցանակային տեղեր գրաված բոլոր սամբիստները ստացել են մեդալներ եւ պատվոգրեր: Մրցավարությունը կազմակերպել է Արարատի մարզի մենամարտային մարզաձեւերի ֆեդերացիան:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում