Միջազգային

Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տանուլ է տվել պետության ղեկավարի՝ մայիսի 10-ին կայացած ընտրությունների առաջին փուլը՝ հավաքելով ձայների 32,2 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են էկզիտ-պոլերի արդյունքները, որոնք անցկացվել են Ipsos ընկերության կողմից:

Կոմորովսկու գլխավոր մրցակիցը՝ «Օրենք եւ արդարություն» ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու Անջեյ Դուդան, առաջին փուլում ստացել է ձայների 34,8 տոկոսը:

Մեկնաբանելով քվեարկության արդյունքը՝ Կոմորովսկին նշել է, որ «դա լուրջ նախազգուշացում է իշխանության համար»:

Լեհական օրենքների համաձայն՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ է հավաքել ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը: Այժմ, եթե էկզիտ-պոլերի արդյունքները հաստատվեն, մայիսի 24-ին երկրում կկայանա քվեարկության երկրորդ փուլը՝ միայն երկու թեկնածուների՝ Կոմորովսկու եւ Դուդայի մասնակցությամբ:

Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 49,4 տոկոս:

Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովը կարող է նախագահական ընտրությունների առաջին փուլի պաշտոնական արդյունքները ներկայացնել մայիսի 11-ի երեկոյան:

Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է, որ հավատում է հաղթանակին ընտրությունների երկրորդ փուլում: «Մեզ ծանր աշխատանք, սուր պայքար է սպասում, բայց ես վստահ եմ, որ նաեւ՝ հաղթանակ»,- ասել է նա տեղական հեռուստատեսության եթերում՝ իր մրցակցին բանավեճի հրավիրելով «Լեհաստանի համար կարեւորագույն հարցերի շուրջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում