Բաց դասը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում զոհված Անանիկ Իսրայելյանին

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 8 միջնակարգ դպրոցի տասներորդ դասարանցիների բաց դասը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում զոհված համաքաղաքացի, գնդացրային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անանիկ Իսրայելյանին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` դասղեկ Անահիտ Դավթյանի նախաձեռնության ու կազմակերպչական ջանքերի շնորհիվ աշակերտները ներկայացրեցին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում իր մահկանացուն կնքած հայորդու կյանքն ու գործունեությունը, անցած մարտական ուղին, հարազատներին գրած մի քանի տարվա հարուստ ու բովանդակալից նամականին: Անանիկի կին Արփիկի, զավակներ Նորիկի ու ժորիկի` տարիների հուզումնալից որոնումների արդյունքում, ի վերջո, 1989 թվականի մայիսին, Անանիկ Իսրայելյան անուն-ազգանունը հայտնաբերվում է Վարշավայի եղբայրական գերեզմանոցի հուշաքարին: Դասասենյակում, ծնողների, մանկավարժների ու Անանիկի հարազատների ներկայությամբ աշակերտների շուրթերին ծավալվում էր մի վիպական, հուզումնառատ պատմություն, որը ներկաների առջեւ բացում էր Մեծ հայրենականի պատճառած զրկանքների, մարդկային կորուստների, սպասումների, ծանրագույն ապրումների իրական պատկերները:

Անանիկ Իսրայելյանը ծնվել է Նոր Բայազետի շրջանի Փաշաքյանդ/Հացառատ/ գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում: Եղել է գյուղի առաջին կոլտնտեսականներից, սովորել է Նոր Բայազետի մանկավարժական տեխնիկումում, պատասխանատու պաշտոններ զբաղեցրել ՀԼԿԵՄ շրջկոմում, Նոր Բայազետի կոլտնտեսությունում: Ռազմաճակատ է մեկնել 1942 թվականին, եղել գնդացրային դասակի հրամանատար` ավագ լեյտենանտի կոչումով: Ռազմադաշտում են եղել նաեւ նրա երկու եղբայրները` Աշոտը եւ Վաղիկը: Անանիկ Իսրայելյանը բավականին ակտիվ նամակագրական կապ է ունեցել կնոջ եւ եղբայրների հետ. մինչ օրս ամենայն խնամքով պահպանված ռազմաճակատային նամակները եւ լուսանկարները, որոնք ցուցադրվում էին դասասենյակում, գերազանցում են մի քանի հարյուրը:

Անանիկի վերջին նամակն ստացվել է 1944 թվականի օգոստոսին, որտեղ նա գրում է կնոջը. «Սիրելի Արփիկ, քաղցր բարեւներ քեզ, իմ փոքրիկ Նորիկին ու ժորիկին, մյուս հարազատներին, հաղթանակը հեռու չէ, շուտով կհանդիպենք»: Ընթերցվեցին նաեւ Անանիկի բանաստեղծությունները, որոնք նա գրել է ռազմադաշտում, նաեւ այն ստեղծագործությունները, որոնք հորը սիրով ու կարոտով ձոնել է Նորիկ Իսրայելյանը: Անանիկը 1944 թվականի օգոստոսին վիրավորվել է գլխից ու մահկանացուն կնքել զինվորական հոսպիտալում: Նրա դին հողին է հանձնվել Վարշավայի եղբայրական գերեզմանոցում: Կինը՝ Արփիկն ու մյուս հարազատները երկար են սպասել Անանիկի վերադարձին՝ հավատալով, որ մի գեղեցիկ օր տուն կվերադառնա: Չափահաս դարձած Նորիկին այդ սպասումները ստիպում են որոնել ու գտնել հոր շիրիմը: «Որոնումները տեւեցին տասնհինգ երկար տարի, մինչեւ որ պատասխանը ստացանք Վարշավայից, որտեղից հաստատեցին հորս զոհվելու եւ եղբայրական գերեզմանոցում թաղված լինելու լուրը: Վարշավա մեկնեցի մորս, եղբորս, հորաքույրներիս հետ: Գտանք եղբայրական գերեզմանը, վրան շաղ տվեցինք Հացառատից մեզ հետ տարած հողը եւ ջուրը, իսկ այնտեղից մի սափոր հող վերցրինք եւ Հացառատում կազմակերպեցինք հուղարկավորություն, հոգեհաց, թաղման հետ կապված մեր ավանդական բոլոր ծեսերը: Ապա հացառատում բարձրացավ հայրիկիս հուշարձանը, որը մայրիկիս, հորեղբորս, հորաքույրներիս, իմ ու եղբորս տարիների փափագն էր: Ամեն տարի մայիսի 9-ին այցելում ենք նրա շիրմին, խոնարհվում ու ծաղիկներ ենք դնում: Այդ հուշարձանը մեր ընտանիքի սրբավայրն է»,-հուզմունքով ներկայացրեց Նորիկ Իսրայելյանը: Եղբոր մարդկային արժանիքների, հասարակական գործունեության, անցած փառքի ուղու, իրենց կարոտալի սպասումների մասին խոսեց Ժենիկ Իսրայելյանը` կարոտն արտահայտելով դարձյալ բանաստեղծական հույզով`»Իմ ծոցի մեջ ես պահում եմ մի վառ նկար թանկագին»:

«Որդիական այսպիսի նվիրումը, ընտանեկան սիրո նման հավերժությունը, անջնջելի հիշողությունը մեզ հավատացնում են, որ պատմական ոչ մի արհավիրքի առաջ մեր ազգը չի նահանջի: Մեր աշակերտների համար էլ այս դասն անկրկնելի, բացառիկ բաց դաս էր, որտեղ իրենց իսկ շուրթերով ներկայացվեցին հայրենիքի զինվորի վեհ ու իրական կերպարը, նրա ընտանիքի հոգեբանական բարդ ապրումները, որոնց խորքերից 71 տարի անց էլ շողարձակում են սերն ու պաշտամունքը իրենց կորուսյալ հարազատի հանդեպ: Ահա թե որն է իսկական, անմեռ հայրենասիրությունը»,-իր ամփոփիչ խոսքում նշեց դպրոցի տնօրեն Վոլոդյա Սարգսյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26