Արտաշատում մայիսի 9-ի կապակցությամբ տեղի կունենա շքերթ
2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական Մեծ պատերազում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Արարատի մարզի տարբեր մշակութային եւ կրթական օջախներում արդեն մեկ շաբաթ է մեկնարկել են հոբելյանական միջոցառումները: Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշակոթողների մոտ կատարվել են մաքրման, կանաչապատման, ծառատունկի, ծաղկապատման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանն ասաց, որ մայիսի 9-ի վաղ առավոտյան մարզկենտրոնում կկայանա մարզի գլխավոր շքերթը` Արտաշատի կապի ուսումնական զորամասի եւ ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի սպայական անձնակազմի մասնակցությամբ: Վետերանները եւ ներկաները ծաղիկներ կխոնարհեն եւ ծաղկեպսակներ կդնեն զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջը: Վետերանների պատվին կմատուցվի նաեւ ճաշկերույթ: Համանման միջոցառումներ կանցկացվեն նաեւ մարզի մյուս քաղաքային եւ գյուղական համայնքներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտաշատի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանը, ըստ մարզային վետերանական խորհրդի հաստատված տարեկան պլանի, մշտապես տեսադաշտում են պահվում անկողնային հիվանդ, սոցիալապես անապահով խավի վետերանները եւ խորհրդի աշխատանքների մասնակից ակտիվիստները: Արդեն երկու տարի վետարանների խորհուրդը` նախագահ Փանոսյանի գլխավորությամբ լինում է մարզի տարբեր տարածաշրջանների համայնքներում, զորամասերում, առողջարանական հիմնարկներում, որտեղ անցկացվում են բաց դասեր:
Լիլիթ Մաճկալյան