Քաղաքագետը Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձեւը մեծ նպաստ է համարում Ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը բավական մեծ նպաստ է Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործընթացին:«Այստեղ կապ չունի` երկիրը փո՞քր է, թե՞ մեծ: Եթե խոսքը վերաբերում է Եվրոպական տարածաշրջանին ընդհանրապես, մենք տեսնում ենք, որ միտումները բավական ակտիվացան: Այդ հարցում իր ուրույն դերն ունեցավ Հռոմի պապի կեցվածքը և այն ամենը, ինչի ականատեսը դարձանք Վատիկանում: Մեծ դերակատարություն ունեցավ նաև Ավստրիայի ճանաչումը, Գերմանիայի Նախագահի ելույթը: Այս ամենը պետք է ունենա իր հետեւանքները»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
Քաղաքագետը շեշտում է, որ այժմ պետք է լրջորեն մտածել, թե որոնք են լինելու մեր հետագա անելիքները: «Կարծես թե մեր օրակարգը փոփոխության անհրաժեշտություն ունի: Ճանաչման բաղադրիչին զուգահեռ՝ արդեն օրակարգի հաջորդ հարցերին անցնելու խնդիրը պետք է բարձրացվի: Սա պետք է առիթ լինի նստելու և նորմալ ամփոփելու»,- նշեց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ Հայաստանը գտնվում է վերելքի վրա այն առումով, որ ապրիլի 24-ը` դրան նախորդող և հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին մի շատ կարևոր հանգամանք. եթե ջանքը միատեղված է և եթե կա միասնականություն, անգամ այն խնդիրները, որոնք բարդ իրականանալի են, հաղթահարելի են դառնում: «Հիմա ունենք կարևորագույն՝ վերելքը բաց չթողնելու խնդիրը»,- ընդգծեց Բեքարյանը: