Վահան գյուղում 40 հեկտարով ավելացել են հացահատիկի ցանքերը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում արդեն ավարտվել է գարնանացան հացաբույսերի ցանքը, որը կազմել է 50 հեկտար: Եվս 50 հեկտար կազմում են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք բարեհաջող ձմեռել են եւ կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, 100 հեկտար հացաբույսերի ցանքը 40 հեկտարով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: եվս 30 հեկտար կկազմեն կարտոֆիլի ցանքատարածությունները, որոնք մոտ 10 հեկտարով ավելի կլինեն նախորդ տարվա համեմատ: «ՀՀ կառավարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ Վահանի տնտեսություններին հատկացվեց 7 տոննա գարու սերմացու: Եվս երկու տոննա սերմացու հատկացվեց Վահանի գյուղապետարանի աջակցությամբ, ինչի շնորհիվ եւ մեր գյուղում 40 հեկտարով աճեց հացահատիկի ցանքը: Մեր սպասելիքներն առավել քան մեծ են ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» ներդրումից,որի շրջանակում Վահանի նորաբաց գյուղատնտեսական կոոպերատիվը ձեռք կբերի անհրաժեշտ ու պահանջվող քանակի գյուղտեխնիկա: Այդ դեպքում արդեն եկող տարիների ընթացքում կարող ենք կրկնապատկել կամ եռապատկել վարելահողերի մշակությունը»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
Վահանում կատարվել է նաեւ 30 հեկտար առվույտի ցանք, ինչը նշանակում է, որ տնտեսությունները կարեւորում են նաեւ կերային մշակաբույսերի արտադրությունը:
ԽոսրովԽլղաթյան