ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննարկել է հաշտարարի նշանակման կարգի ու խոշտանգման հանցակազմի հարցերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, մայիսի 6-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ առաջին ընթերցման ժամանակ հանձնաժողովի ներկայացրած գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են, կատարվել են որոշակի խմբագրական աշխատանքներ, ինչպես նաեւ տարանջատվել են որոշակի հոդվածներ:

Փոխնախարարը նշել է նաեւ, որ նախագծով սահմանվել է հաշտարար նշանակելու նոր կարգ: Նրա խոսքով` հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերն իրավունք ունեն սահմանել հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված հաշտարարության ժամկետը չի կարող գերազանցել հաշտարար նշանակվելու պահից վեց ամիսը: Հաշտարարության ընթացքում կողմերն իրավասու են փոխադարձ համաձայնությամբ երկարաձգել հաշտարարության ժամկետը միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս ժամկետով: Սահմանված ժամկետում կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության գործընթացը համարվում է ավարտված` առանց կողմերի հաշտության: Եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերը հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ չեն սահմանել, ապա այդ ժամկետը օրենքով սահմանված առավելագույն` հաշտարար նշանակվելու պահից հաշվարկվող 6-ամսյա ժամկետն է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Հիմնավորելով օրենսդրական փոփոխություններն ու լրացումները` զեկուցողը նշել է, որ այն պայմանավորված է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-իԿոնվենցիայի եւ ներպետական օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում գործող իրավակարգավորումների միջեւ համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման պահանջով: Ըստ նրա` ՀՀ գործող քրեական օրենսգրքի եւ միջազգային չափանիշների համակարգային վերլուծությունը վկայում է, որ գործող քրեական օրենսդրությամբ խոշտանգման հանցակազմի բնորոշումը չի համապատասխանում Կոնվենցիայով առաջադրվող չափանիշներին:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հանձնաժողովի անդամների հետ համատեղ քննարկել բոլոր մտահոգություններն ու առաջարկները, իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ վստահեցրել է, որ ձեւավորված աշխատանքային խմբի միջոցով առաջիկայում կկազմակերպվեն աշխատանքային քննարկումներ:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթներն ընդգրկվել են մայիսի 5-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Հայերեն English Русский

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե