ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագա գեներալը ծնվել է 1909 թվականի փետրվարի 25-ին Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում: Սարդարովների բազմազավակ ընտանիքը (7 երեխա) Առաջին աշխարհամարտի տարիներին ստիպված է լինում տեղափոխվել Բաքու, ապա`Տաշքենդ (1918թ.):
Փականագործից՝ կոմերիտմիության քարտուղար
Տաշքենդում 1921թվականին Սերգեյն աշակերտում է փականագործի մոտ, որից հետո վեց տարի աշխատում է որպես փականագործ` միաժամանակ ստանալով միջնակարգ կրթություն և համալրելով շարքերը: 1927 թվականին կոմերիտմիության Տաշքենդի քաղկոմը Սարդարովին ուղարկում է ուսանելու Մոսկվայի պետական համալսարանի աշխատավորական բաժին, որն ավարտելուց հետո Սերգեյն ընդունվում է Մոսկվայի Բաումանի անվան մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտ: Վերը նշված համալսարանի hասարակական աշխատանքներում ակտիվ մասնակցության և ուսման մեջ փայլուն առաջադիմության համար Սարդարովն ընտրվում է կուրսի կոմերիտական կազմակերպության քարտուղար և համալրում է կոմունիստական կուսակցության շարքերը:
Զինվորական կարիերայի սկիզբը
1931թվականին Սերգեյին զորակոչում են բանակ և ուղարկում սովորելու Լենինգրադի ռազմատեսական օդաչուական դպրոցում: Ուսումն հաջողությամբ ավարտելուց հետո` 1932 թվականին Սերգեյին ուղարկում են Էնգելսի օդաչուական դպրոց: Մեկ տարի անց նա ուղևորվում է Սևաստոպոլ, որտեղ սովորում է օդաչուական կազմի կաչինսկյան դասընթացներում, որոնք ավարտում է 1934 թվականի հուլիսին:
Առաջին մարտական մկրտությունը
Սերգեյ Սարդարովը 1934թվականից ծառայել է Ռուսաստանի հեռավորարևելյան հատուկ բանակում, որտեղ սկզբում նշանակվել է գրոհային ավիացիոն էսկադրիլիայի դասակի հրամանատար: Այնուհետև`1936 թվականին դառնում է ավիագնդի ջոկատի հրամանատար։1938-1939թվականներին եղել է 18-րդ կործանիչ ավիաէսկադրիլիայի կոմիսար, որից հետո`1940թվականին Սերգեյ Սարդարովը նշանակվում է Խաբարովսկի 29-րդ ավիագնդի հրամանատար։
Ռուսաստանի Հեռավոր Արևելքում զինվորական ծառայությունը շատ մոտ էր մարտական պայմաններին. Սարդարովը բազմաթիվ անգամ թռչում էր սահմանը ապօրինի հատած ճապոնական ինքնաթիռների հետևից. ճապոնական իշխանությունները Խասան լճի մոտակայքում և Խալխին-Գոլ գետի մոտ ռազմական արկածախնդրություններ էին կազմակերպել ընդդեմ ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի, որոնք ավարտվել էին անհաջողությամբ: ԿլիմենտՀարությունյան,«ՀայժողովրդիներդրումըՀայրենականպատերազմի հաղթանակում1941-1945 թթ.», 2010 թ.:
Հայրենական մեծ պատերազմ
Հայրենական մեծ պատերազմը Սերգեյ Սարդարովը դիմավորում է Հեռավոր Արևելքում: Սարդարովի բազմաթիվ դիմումներից հետո 1942 թվականին նրան ուղարկում են Չկալով` ԽՍՀՄ օդային ուժերի ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի կատարելագործման դասընթացների: 1942 թվականի հուլիսին Սարդարովին ուղարկում են հյուսիսային ճակատ, որտեղ նա նշանակվում է 965-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար:
Սարդարովի գլխավորած 965-րդ կործանիչ ավիագունդը 1942 թվականից պաշտպանել էԱրխանգելսկը,Աստրախանը,Գրոզնին,Միներալնիե Վոդին։1944թվականին փոխգնդապետ Սարդարովի ավիագունդը մասնակցել է Թամանյանթերակղզու,Ղրիմիազատագրմանը,Օդեսանպաշտպանել օդային հարձակումներից։ 1944թվականի վերջին Սարդարովը նշանակվել է 123-րդ կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատարի տեղակալ,որի կազմում մասնակցում է Օդեսայի ազատագրմանը (1944 թվականի ապրիլի 10), Յասկո-Քիշնևյան հարձակման գործողությանը, ինչպես նաև Ռումինիայիազատագրմանը։
Հետպատերազմյան տարիներ
Հաղթական պատերազմից հետո Սերգեյ Սարդարովը շարունակում է ծառայությունը ԽՍՀՄ օդային ուժերում: 1948 թվականին նրան շնորհվում է գնդապետի կոչում, նա նշանակվում է 123-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար: 1950-1952 թվականներին Սերգեյ Սարդարովը սովորել է գլխավոր շտաբի Կ. Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտելուց հետո նշանակվում է ավիագնդի հրամանատարի տեղակալ, իսկ 1953 թվականին`ավիագնդի հրամանատար. նույն տարում Սերգեյ Սարդարովին շնորհվում է գեներալ-մայորի կոչում:
«Սառը պատերազմի» տարիներին աշխարհը բաժանված էր երկու ճամբարների, և հենց այդ ժամանակ ԽՍՀՄ-ում սկսում են ձևավորվել ժամանակակից հակաօդային ուժերը:
1958 թվականին Սարդարովին շնորհվում է գեներալ-լեյտենանտի կոչում: 1960 թվականին Սերգեյ Սարդարովը կազմավորում է 2-րդ առանձին հակաօդային բանակը` առաջին հրամանատարի կարգավիճակում. բանակի ստորաբաժանումները պաշտպանում էին ԽՍՀՄ հյուսիս-արևմուտքը և դիրքավորված էին Բելառուսում, Լիտվայում, Լատվիայում և Կալինինգրադի շրջանում: Արշակ Վիրաբյան, «Հայտնի արցախցիները», 1992թ.
1963 թվականին Սարդարովն ընտրվում է Բելառուսական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1965 թվականին Սերգեյ Սարդարովին շնորհվում է ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետի կոչում: 1963 թվականից մինչև 1971թվականի փետրվարը զբաղեցրել է Գ. Ժուկովի անվան հակաօդային պաշտպանության ռազմային հրամանատարական ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնը:
ԽՍՀՄ ռազմական ուժերից զորացրվելուց հետո ապրել է Մինսկում, զբաղվել կրթա-դաստիարակչական և հասարակական գործունեությամբ:
ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովը մահացել է 1987թվականի սեպտեմբերի 6-ին Մինսկում և թաղվել տեղի Արևելյան գերեզմանատանը:
Պարգևները
Սերգեյ Սարդարովը պարգևատրվել է Լենինի,Կարմիր դրոշիերկու,Կարմիր աստղիերկու,Հայրենական պատերազմի1-ին և 2-րդ աստիճանների, «Մարտական ծառայության համար» և 14 այլ շքանշաններով։
Սերգեյ Սարդարովի հայրենի գյուղում կանգնեցվել է գեներալի հուշարձանը. հառնում է լեռնային արծվի բրոնզաձույլ կերպարը`հայացքը դեպի թշնամու հորիզոնը:
Պատրաստեց Հենրիխ Մարգարյանը