Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-5/25. Քրիստի, Գոբետտի, Ռիցարդի, Բարխուդարյան

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-5/25. Քրիստի, Գոբետտի, Ռիցարդի, Բարխուդարյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Ագաթա Քրիստի, «Երրորդ աղջիկը»

475149457_1958510887891734_2457965503107607389_n.jpg

«Երրորդ աղջիկը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1966-ին։ Այս անգամ Էրքյուլ Պուարոյին սովորականից առավել տարօրինակ մի գործ է սպասում գլուխ բերել, քանի որ ամեն բան սկսվում է անսպասելի այցելուի՝ Նորմա Ռեսթրիքի ասած մի պարզ, բայց միևնույն ժամանակ առաջին հայացքից անհեթեթ թվացող նախադասությունից. «Հնարավոր է՝ սպանություն եմ գործել»։ Ու թեև հենց նույն պահին աղջիկը հրաժարվում է Պուարոյի ծառայություններից՝ համարելով նրան շատ ծեր, վերջինս որոշում է պարզել ճշմարտությունը։ Ու ամեն բացահայտված նոր փաստ, որ իրականում ավելի ու ավելի է խճճում առաջին հայացքից պարզ թվացող իրադարձությունների շարքը, գործի հետ առնչություն ունեցող մարդկանց ով լինելն ու նրանց արարքների դրդապատճառները, ի վերջո օգնում է Պուարոյին այդ մեծ գլուխկոտրուկի յուրաքանչյուր մասնիկ դնել իր տեղում, և ընթերցողի առջև հայտնվում է լիովին անսպասելի մի պատկեր։ Անգլերենից թարգմանեց Նաիրա Քերոբյանը:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն. Կլաուդիո Գոբետտի, Միկելե Ռիցարդի, «Ինքդ քո բոբոն եղիր»

476022233_973543137474012_7182796286531086001_n.jpg

Ջուլիան աշխարհից շատ բոբո լինել է երազում: Բայց մենակ երազներով բան դուրս չի գա, չէ՞: Այս գիրքը քեզ կպատմի, թե ի՜նչ կարևոր է, որ ինքդ քո «ես»-ն ունենաս: Թարգմանիչ՝ Նունե Թորոսյան։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Ծովինար Բարխուդարյան, «Վերջին կարմիր շրթներկը»

475289969_640574831879407_4407460670001997292_n.jpg

Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։

Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում