ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական թագավորական ընտանիքի նորածին արքայադստեր՝ Շարլոտի անվան պատճառով բուքմեյքերները միլիոնների կորուստ են կրել: Այս մասին գրում է The Telegraph-ը: Բրիտանական բուքմեյքերները հաղթողներին վճարել են ռեկորդային մեկ միլիոն ֆունտ ստերլինգ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց դստերը Շարլոտ Էլիզաբեթ Դիանա են անվանակոչել: Քենսինգտոնյան պալատի մոտ հավաքված թագավորական ընտանիքի երկրպագուները լուրը մեծ ուրախությամբ են ընդունել ի տարբերություն բուքմեյքերների:
Մինչ արքայադստեր ծնվելը, երկրի բնակիչները հավատում էին, որ աղջիկ է ծնվելու: Բուքմեյքերներն այդ առիթով ահռելի գումարներով խաղադրույքներ էին ընդունել: Առավել հայտնի անուններն էին Շարլոտը, Էլիսը և Վիկտորիան:
Տեղեկություններ կան այն մասին, որ վերջին երկու օրերին բուքմեյքերներն ընդունել են 20 հազար խաղադրույք արքայադստեր անվան համար:
Շարլոտ Էլիզաբեթ Դիանան ծնվել է մայիսի 2-ին Լոնդոնի սուրբ Մերի հիվանդանոցում: