ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները մայիսի 3-ին Քենսինգթոնյան պալատում այցելել են Քեմբրիջի դքսուհի Քեթրինին եւ նրա նորածին դստերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, Ուելսի արքայազն Չարլզը եւ նրա տիկինը՝ Քոռնուելի դքսուհի Կամիլան մի ամբողջ ժամ են անցկացրել իրենց թոռնուհու հետ:
Երեխային տեսնելու են եկել նաեւ Քեյթի ծնողները՝ Մայքլ եւ Քերոլ Միդլթոնները, եւ նրա քույրը՝ Փիփան:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայի բնակիչները շարունակում են գուշակել, թե ինչպես կանվանեն գահի նոր ժառանգորդուհուն: Բուքմեքերները կարծում են, որ աղջկան, ամենայն հավանականությամբ, կանվանեն Էլիս կամ Շառլոտա: Հավանական մյուս անունների թվում են Օլիվիան, Վիկտորյան եւ Եղիսաբեթը:
Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու՝ Ուիլյամի եւ Քեյթի դուստրը ծնվել է մայիսի 2-ին եւ դարձել չորրորդը գահաժառանգման ցուցակում՝ արքայազն Չարլզից, իր հորից ու եղբորից հետո:
Լուսանկարը` EPA