Թուրքիայում արշավ է սկսվել հայկական որբանոցը քանդելու դեմ
3 րոպեի ընթերցում
![Թուրքիայում արշավ է սկսվել հայկական որբանոցը քանդելու դեմ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/04/803781.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ստորագրահավաքի արշավ է սկսվել Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ապաստանած Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն ճամբար» ամառային որբանոցը քանդելու եւ տեղում առանձնատներ կառուցելու որոշման դեմ, որտեղ մեծացել է նաեւ հանրահայտ մտավորական Հրանտ Դինքը եւ նրա կինը` Ռաքել Դինքը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական bianet.org կայքը` նշելով, որ այդ պատճառով տեղի իշխանությունը որոշել է մինչեւ մայիսի վերջն ազատել որբանոցը:
Կայքը հայտնում է, որ Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն:
«Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի մասնավոր վերանարոգում, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում:
Թուրքիայում 2011 թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:
5.552 հազար քառ.մ տարածք ունեցող որբանոցը 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քառ.մ տարածք գնել: 1974 թվականին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քառ.մ-ին: 1977 թվականին փոքրամասնությունների հիմնադարմաների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:
Հայաստան-Թուրքիա կինոյի պլատֆորմն այդ ճամբարի մասին վերջերս «Չկորած երեխաներ» վերնագրով ֆիլմ է նկարահանել, որում ճամբարում մեծացածները պատմում են այնտեղ անցկացրած տարիների մասին: