Քաղաքականություն

Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է հայ համայնքին

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է հայ համայնքին

ՏՈՐՈՆՏՈ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Սթեֆեն Հարփերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դիմել է իր երկրի հայ համայնքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Կանադայի Horizon հայկական թերթը։

Կանադայի վարչապետի ուղերձում մասնավորապես նշված է. «Այս օրը մենք նշում ենք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկանց սարսափելի մահվան տարելիցը։ Եվ Սենատը, և Ներկայացուցիչների պալատը բանաձևեր են ընդունել՝ այդ իրադարձությունները բնորոշելով որպես Ցեղասպանություն։

Այս օրը հանդիսավորությամբ մենք նշում ենք, ոչ թե նրա համար, որ մեղադրանք հղենք անցյալին, այլ որպեսզի այն մեզ ավելի լավ ապագա տանի։ Այն մեզ հիշեցնում է, թե ինչու պետք է հավատարիմ մնանք պայքարին հանուն այսօրվա աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների հարգման։

Այսօր հայկական և թուրքական ծագմամբ կանադացիներն ապրում են միասին՝ կիսելով հանդուրժողականության և թափանցիկության մեր արժեքները։ Այդ ոգով մենք կոչ ենք անում Հայաստանին ու Թուրքիային վերսկսել կարգավոման արձանագրությունների շուրջ քննարկումները, հաշտեցման ուղիներ փնտրել՝ ներառյալ բաց սահմանները, դիվանագիտական հարաբերությունների ու 1915թ. իրադարձությունների շուրջ երկխոսության հաստատումը։

Հիշատակի այս օրը մենք բարձր ենք գնահատում մարդկանց, որ խիզախորեն ուսումնասիրում են պատմությունը՝ ձգտելով հասնել փոխըմբռնման և բարի կամքի։

Ես միանում եմ բոլոր կանադացիներին, հատկապես հայազգի, հիշելով անցյալը, խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայի հույս փայփայում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում