ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի զուտ շահույթը 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կրճատվել Է 20 տոկոսով՝ մինչեւ 512 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:
Մեկ բաժնետոմսի վերահաշվարկով եռամսյակային շահույթը կազմել Է 0,18 դոլար՝ մեկ տարի առաջվա 0,25 դոլարի դիմաց: Ըստ որում վերլուծաբաններն սպասում Էին, որ մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը կկազմի 0,4 դոլար: Facebook-ի հասույթն ավելացել Է 41 տոկոսով՝ մինչեւ 3,543 միլիարդ դոլար: Ըստ որում ծախքերի եւ ծախսերի ծավալն ավելացել Է 1,83 անգամ՝ մինչեւ 2,61 միլիարդ դոլար: Գործառնական շահույթը կրճատվել Է 13,2 տոկոսով՝ մինչեւ 933 միլիոն դոլար:
Գովազդից ընկերության հասույթը կազմել Է 3,32 միլիարդ դոլար, ինչը 46 տոկոսով գերազանցում Է 2014 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը: Արժույթների փոխարժեքի հաշվառմամբ, գովազդից հասույթն ավելացել Է 55 տոկոսով, նշված Է տեղեկագրում: Շարժական սարքերով գովազդից հասույթը, եռամսյակի արդյունքներով, կազմել Է գովազդից ընդհանուր հասույթի 73 տոկոսը, նշված Է տեղեկագրում:
2015 թվականի մարտին սոցցանցի ամենօրյա ակտիվ օգտատերերի թիվն անցյալ տարվա համեմատությամբ ավելացել Է 17 տոկոսով եւ կազմել 936 միլիոն, որոնցից 798 միլիոնը Facebook Է մտել շարժական սարքերով (տարեկան արտահայտությամբ աճը՝ 31 տոկոս):
Ամսական ակտիվ օգտատերերի թիվը տարեկան արտահայտությամբ աճել Է 13 տոկոսով՝ մինչեւ 1,44 միլիարդ օգտատեր: Facebook-ի շարժական օգտատերերի թիվը 2015 թվականի մարտի դրությամբ տարեկան արատահայտությամբ ավելացել Է 24 տոկոսով՝ կազմելով 1,25 միլիարդ:
«Դա տարվա ուժեղ սկիզբ Էր: Մենք նախկինի պես կենտրոնացած ենք մեր հանրակցության սպասարկման եւ ամբողջ աշխարհի միավորման վրա»,- հայտարարել Է Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS