ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի խոսնակի երրորդ տեղակալ Իզաբել Դինգիզյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհի է. նրան անվանել են ի պատիվ տատիկի, ով 12 տարեկանում կորցրել է ընտանիքի անդամներին, փրկվել անապատում եւ հայտնվել Բաղդադի որբանոցներից մեկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ Դինգիզյանը պատմում է, որ այս հիշողությունները երբեք չեն կարող մեռնել, եւ Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները իրավունք չունեն մոռանալու իրենց պատմությունը: Այդ պատմությունը չպետք է մոռանա նաեւ քաղաքակիրթ աշխարհը:
«Իմ տատիկը հազարավոր հայերից մեկն է, ում պարտադրել են տեղահան լինել անմարդկային պայմաններում: Անապատում տառապանքն անտանելի էր: Նա պատմում էր, որ իրեն ստիպել են հեռանալ սեփական մորից: Գաղթի ճանապարհին նա կորցրել է բոլորին: Պատկերացնում եք` 12 տարեկանում նա կորցրել է իր ընտանիքի անդամներին: Նա հասել է Բաղդադ քաղաք եւ հաստատվել որբանոցում: Հետո նա հանդիպել է իմ պապիկին` Աբրահամին, ով նույնպես Հայոց ցեղասպանության վերապրած է: Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանք չմոռացան իրենց պատմությունը: Իմ տատիկը մահացել է 104 տարեկանում եւ մինչեւ վերջին շունչը նա չէր մոռանում գաղթի ճանապարհն ու այն ցավը, որ այլեւս երբեք չի տեսել իր հարազատներին»,- պատմում է Իզաբել Դինգիզյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության տարելիցը կարեւոր է ինքնավերլուծության համար, որպեսզի մարդկությունը դատապարտի բոլոր տեսակի ցեղասպանությունները:
«Մեր պատասխանատվությունն է` գործել այն ռեժիմների դեմ, որոնք արդարացնում են քաղաքական սպանդը հանուն քաղաքական հավատքի: Ի վերջո ինչ եղավ 1939թվականին. Հիտլերը կոչ էր անում իր գեներալների կարկեցանք չցուցաբերել հրեաների հանդեպ եւ հավելում, որ ոչ ոք չի հիշում հայերի ցեղասպանությունը: Մենք պետք է պայքարենք այդ ժխտողականության դեմ: