Սեւանում շարունակվում են Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումները

7 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի քաղաքապետարանում մշակվել է Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների եւ նախաձեռնությունների համալիր ծրագիր, որն ունի համաքաղաքային ընդգրկում:

Միջոցառումների մեկնարկը տրվեց Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանում, որտեղ ապրիլի 10-ից գործում է «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով ցուցադրություն:

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ցուցադրությունն ընդգրկում է 7 բաժին` «Անդրանիկ. Քաջ հայդուկապետը», «Կոմիտաս. Հրաշքով փրկված զոհը», «Մեծ Եղեռնին զոհ գնացած հայ գրողներ», «Հերոսամարտեր», «Հայոց ցեղասպանության թեման կինոյում», «Նեմեսիս. արդար հատուցում», «Վերածնունդ»:

Կենտրոնական գրադարանի մշակման բաժնի ավագ գրադարանավար, ցուցադրության ղեկավար Մարգարիտ Սմբատյանի փոխանցմամբ` իրականացվել է մանրակրկիտ եւ զգալի աշխատանք, յուրաքանչյուր բաժնի վերաբերյալ առկա նյութերը ի մի բերելուց հետո մտահղացվել է դրանց ցուցադրության եղանակը, որն իրականացվել է տարբեր լուծումների եւ տեխնիկական հնարքների միջոցով:

Կատարված աշխատանքի շնորհիվ ցեղասպանությունն իր տարբեր շերտերով, արձագանքներով, ցեղասպանության զոհերի մասին հիշատակումներով, հերոսամարտերի եւ մեր հերոսների վերաբերյալ փաստավավերագրական, լուսանկարչական եւ գեղարվեստական անցումներով, հին ու նոր գրականության, քարտեզների ցուցադրությամբ ի մի է բերվել մեկ ցուցադրության շրջանակում:

Բավականին խոսուն եւ նպատակային էր այն ամենը, ինչ ստեղծվել էր գրադարանավարների մտքի ու ձեռքի միջոցով, արժեքավոր եւ ընդգրկուն էր ներկայացված ողջ գրականությունը, որի շնորհիվ անցած մեկ դարը դառնում էր տեսանելի եւ առարկայական:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը հեղինակել է գրադարանի ողջ կոլեկտիվը եւ այդ արել է ճաշակով, մեծագույն խնամքով եւ պատասխանատվությամբ:

Ցուցադրությանը զուգահեռ, գրադարանի կոլեկտիվը, ընթերցողները բնագիտական թանգարանում անցակցրեցին «Կոմիտաս. Հրաշքով փրկված զոհը» խորագրով ցերեկույթ, որի ընթացքում բանաստեղծական եւ փաստավավերագրական անցումներով ներկայացվեցին Կոմիտասի կյանքն ու գործունեությունը:

Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ ինքնատիպ ձեւով ներկայացավ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը: Թաեքվոնդոյի եւ ծանրամարտի ցուցադրական ելույթներին հաջորդեցին մարզադպրոցում եւ մարզասրահներում անցկացվող բասկետբոլի եւ ըմբշամարտի առաջնությունները: Բոլոր հաղթանակներն ու պարգեւներն էլ նվիրվեցին 1.5 մլն. անմեղ զոհերի հիշատակին:

Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում կազմակերպվել էր խմբավարների եւ սաների նկարչական եւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն` «1915-2015» խորագրով, որին զուգահեռ տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն» խորագրով հուշ-ցերեկույթը: Դպրոցի ճեմասրահի պատերին Մեծ եղեռնի տարեգրությունն էր թեւ առել մտքի եւ երեւակայության շնորհիվ, որ դարձել էր գույն ու պատկեր:

Երաժշտական դպրոցի տարբեր դասարանների սաները ոգեկոչման եւ հիշատակի միջոցառումը համեմել էին երաժշտական եւ ասմունքի կատարումներով:

Դաշնամուրի, ջութակի, շվիի, դուդուկի կատարումները ընդմիջվում էին երգչախմբային եւ վոկալ կատարումներով: Գրական-երաժշտական ինքնատիպ համադրությունը համահունչ էր օրվան ե՛ւ բովանդակային, ե՛ւ ներկայացման առումով:

Համայնքի մանկապարտեզներում եւս անցկացվեցին ոգեկոչման եւ հիշատակի ցերեկույթներ, որոնց հաջորդեց մանկապարտեզների սաների երթը Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար:

Ապրիլի 24-ի նախօրեին Գագարինի նորակառույց զբոսայգում կազմակերպվեց ծառատունկ:

Ապրիլի 23-ի երեկոյան Սեւանի նորակառույց եկեղեցու հարակից տարածքից եկեղեցու զանգերի100 ղողանջից հետո «Սեւանի երիտասարդական ակումբ» ՀԿ-ի անդամները եւ սեւանցիները մոմերով երթ կկազմակերպեն դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար, որտեղ տեղի կունենա ոգեկոչման եւ մոմավառության արարողություն:

Ապրիլի 24-ին քաղաքում առավոտից կսկսվի քաղաքացիների, աշխատանքային կոլեկտիվների, աշակերտների երթը դեպի հուշախաչքար, որտեղ տեղի կունենա պսակադրման եւ ոգեկոչման արարողություն, ինչպես նաեւ «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով բացօթյա միջոցառում: Օրվա համար պատրաստվել է թեմատիկ գրական-երաժշտական կոմպոզիցիա` «Սեւան» ժողովրդական պարերի համույթի սաների մասնակցությամբ:

Ի դեպ, այս տարի քաղաքի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարը եւ հարակից տարածքը սեւանցիներին կդիմավորեն նորացված եւ բարենորոգված տեսքով:

Դեռեւս շաբաթներ առաջ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հանձնարարականով, Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի տարածքում սկսվեցին բարեկարգման եւ բարենորոգման աշխատանքներ: Աշխատանքներն ընդգրկում էին մի քանի ուղղություններ` կանաչապատ տարածքների բարեկարգում, երիզող ցանկապատի վնասված հատվածների վերականգնում եւ ներկում, նստարանների նորոգում, հուշախաչքար տանող արահետների սալիկապատում, գիշերային լուսավորության ցանցի գործարկում:

Հուշախաչքարի պատվանդանի հարցը երկար տարիներ մնում էր առկախ, որն այս տարի` Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ, ստացավ լուծում: Քանդակագործ Հրաչ Կարապետյանի հեղինակած խաչքարը ոչ միայն ունեցավ պատվանդան, այլ նաեւ հուշատախտակ:

Համայնքում ապրիլքսանչորսյան միջոցառումները կշարունակվեն նաեւ հետագա օրերին: Նախատեսված են թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, համայնքային մշակութային կենտրոնի տնօրինությունը եւ «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն կազմակերպելու են հանդիպում Սրբադասման թեմայով, ինչպես նաեւ ծառատունկ ապագա «Հիշատակի պուրակ»-ոմ :

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26