Կիպրոսի նախագահը Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային եւ ԵՄ-ին գիտակցված քայլի կոչ է անում. ԲԱՑԱՌԻԿ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրները Հայոց ցեղասպանության հարցում պետք է առաջնորդվեն ոչ թե քաղաքական եւ տնտեսական շահերով կամ նպատակահարմարություններով, այլ արժեքներով եւ սկզբունքներով: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում ԵՄ իր գործընկերներին գիտակից քայլ կատարելու կոչ է անում: Նա ապրիլի 24-ին Հայաստանում կլինի` հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձով:

-Մեծարգո Նախագահ, շնորհակալություն հարցազրույցի առաջարկությունը չմերժելու համար: Ինչպես գիտեք, 2015թ. խորհրդանշական տարի է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Այս տարի մենք կոգեկոչենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դուք արդեն հաստատել եք, որ գալու եք Երեւան եւ նահատակների հիշատակը հարգելու եք Ծիծեռնակաբերդում: Ի՞նչ կոչով եք գնալու Ծիծեռնակաբերդ:

-Իմ ուղերձը հայ ժողովրդին` համերաշխությունն է: Այս տարի լրանում է մարդկության դեմ ամենաողբերգական հանցագործության տարելիցը, Մեծ Եղեռնը, որը վճռեց հայ ժողովրդի հետագա պատմությունը: Սարսափելի չափերի հասնող ցեղասպանություն, որը ցույց է տալիս Օսմանյան կայսրության զազրելի գազանությունը: Չեմ կարող չհիշատակել, որ 100 տարի առաջ Կիլիկիայից տեղահանված հայ փախստականները, հոգնած այդ սարսափելի հետապնդումներից եւ սովից, ապաստան գտան Կիպրոսում: Կիպրոսցիները հպարտ են, որ այդ փախստականների երեխաներն ու թոռներն այսօր Կիպրոսի հասարակության կարեւոր եւ յուրահատուկ մասն են կազմում: Մարդիկ, ովքեր պահպանում եւ զարգացնում են իրենց արժանի ծագումը: Բնական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնական են դատապարտելու Ցեղասպանության մեղավորներին, Թուրքիայի հետ իրենց ընդհանուր պատմության համար: Պետք է հիշեցնեմ, որ Կիպրոսն առաջին Եվրոպական պետությունն էր, երկրորդն` աշխարհում, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Վերջերս Կիպրոսի խորհրդարանը քրեականացրեց նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը: Պետք է հավելեմ նաեւ, որ Կիպրոսն առաջին պետություն էր, որ Ցեղասպանության հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

-Պարոն Նախագահ, ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն դասը, որ պետք է քաղի հայ ժողովուրդն ու միջազգային հանրությունը պատմության այդ դրվագից` Հայոց ցեղասպանությունից:

-Հայոց ցեղասպանությունից քաղած դասը կարելի է բաժանել 2 մասի: Առաջինը` միշտ վառ պահել Ցեղասպանության հիշողությունն ու հարգել մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Երկրորդ՝ մեր պարտավորությունն է, հայտարարել աշխարհին, որ կատարվածը չի կարող մնալ անպատիժ: Հայ եւ կիպրացի ժողովուրդները անպատժելիության զոհերն են: Մենք նաեւ կիսում ենք համամարդկային արժեքներն ու սկզբունքները, հավատարիմ ենք միջազգային իրավունքին, խաղաղությանը, ժողովուրդների անկախությանն ու ազատությանը, հարգում ենք մարդու իրավունքները: Այս առանձնահատկությունները բխում են մեր միահյուսված պատմությունից եւ մեր ժողովուրդների մղած պայքարից, որ կարողացել է համառության շնորհիվ գոյատեւել եւ բարգավաճել:

-Ցեղասպանությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ճանաչվել եւ դատապարտվել: Դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունը դեռեւս լիարժեք կերպով ճանաչված չէ: Որպես ԵՄ կարեւոր պետություն, ո՞րն է Կիպրոսի կոչը ԵՄ անդամ իր գործընկերներին եւ Թուրքիային:

-Մեր կոչն այլ երկրներին եւ Թուրքիային մեկն է՝ գիտակից քայլ կատարելու կոչ: Մենք բավարարված ենք, որ Եվրախորհրդարանը հերթական անգամ իր ձայնը միացրեց մեր կոչին` ուղղված Թուրքիային` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որպես մաս Անկարայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հարցում: Մեր պարտքն է, որպեսզի հետ չգնանք: Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին, ովքեր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը` արժեքներն ու սկզբունքներն ավելի բարձր դասել, քան շահերն ու քաղաքական նպատակահարմարությունը: Միաժամանակ, մենք չենք տեսնում պատճառ, որ Թուրքիան հետաձգի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գործողությունների իրականացումը: Ընդհակառակը, դա կլինի հնարավորություն` Թուրքիայի համար ապացուցելու, որ կարող է վերանայել իր դերը` ընդունելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունն ու արժանանալ միջազգային հանրության աջակցությանն այս հարցի առնչությամբ: Կիպրոսը կողջունի Թուրքիայի կողմից նման դիրքորոշման ակտիվացման հնարավորությունն ու բարիդրացիական հարաբերությունների պահպանման սկզբունքը: Այն կարող է հիմք ստեղծել նաեւ Կիպրոսի հետ հարաբերությունների նորմալացման համար:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հանգրվան է եւ ոչ վերջնագիծ: Այս առնչությամբ ինչպե՞ս նայել ապագային եւ որո՞նք են լինելու մեր առաջնահերթությունները ապագայում:

-Ապագան պետք է արտացոլի հայ ժողովրդի ճկունությունը, որպեսզի գոյատեւի եւ նրա պատասախանատվությունը` հարգել ժառանգությունն ու նախորդների հաստատակամությունը, որոնք կամ սպանվել են, կամ անհետ կորել, կամ էլ նրանց հաջողվել է փրկվել Օսմանյան բռնակալների կատաղի զայրույթից:

Այդ ժառանգությունն ամուր եւ ամենից շատ հարգանքի արժանի հիմքն է հայ սերունդների համար: Այն հանդիսանում է ուղեկից, որով պետք է ոչ միայն նրանք առաջնորդվեն, այլեւ քաղաքակիրթ աշխարհը, որն այսօր անցնում է դժվար եւ փոփոխվող միջազգային միջավայրով, շփոթված հակամարտություններով, տնտեսական ճգնաժամերով եւ քաղաքական անկայունությամբ: Համայն մարդկության պարտքը պետք է լինի հիշել Մեծ եղեռնը ի պատիվ այն վերապրածների ուժի եւ համառության, որոնք այսօր հանդիսանում են հայ ժողովուրդն ու բեղմնավոր հայկական սփյուռքը:

Հարցազրույցը` ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հայերեն English Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը