Քաղաքականություն

Իսրայելի Նախագահը պատմական կապ է արձանագրել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև

2 րոպեի ընթերցում

Իսրայելի Նախագահը պատմական կապ է արձանագրել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Նախագահ Ռուվեն Ռիվլինը Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև պատմական կապ է արձանագրել: Երուսաղեմում լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ Նախագահ Ռիվլինն ընդգծել է, որ նացիստները օգտագործել են Հայոց ցեղասպանությունը որպես մի բան, որը թույլ է տվել նրանց իրականացնել Հոլոքոստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` The Tower պարբերականը հայտնում է, որ Իսրայելի Նախագահը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, որտեղ նա հայերի կոտորածներն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: «Ողջունում եմ Հռոմի պապին այդ մեկնաբանությունների համար: Դա կարևոր է քրիստոնյաների, հրեաների, մուսուլմանների և ընդհանրապես մարդկանց համար», - ասել է Ռիվլինը:

Պարբերականն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Նախագահ Ռիվլինի դիրքորոշումը վերջին տարիներին փոփոխական է եղել: «Ռիվլինի այս հայտարարությունները հազիվ թե նպաստեն Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների թուլացմանը, քանի որ վերջինս դատապարտում է ցանկացած ջանք, որ ուղղված է հայերի կոտորածը «ցեղասպանություն» որակելուն»,- գրում է հոդվածագիրը:

Հոդվածում նաև նշվում է, որ Իսրայելի Նախագահի խոսքը նույնը չէ, ինչ պետական ճանաչումը, սակայն Իսրայելի Նախագահի հայտարարություններն արտահայտում են մոտեցումներ, որ կիսում է իսրայելցիների մեծ մասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում