Իսրայելն առաջին երկիրը պետք է լիներ, որ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը. Յաիր Աուրոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը միայն հայերի եւ թուրքերի հարցը չէ, այն մարդկության խնդիրն է, եւ ժխտելով Հայոց ցեղասպանությունը` մարդկությունը հիմք է ստեղծում ցեղասպանությունների շարունակման համար: Տեսակետը իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երեւանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ մինչ ելույթ ունենալը Աուրոնը շնորհակալություն հայտնեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոյին, որ խոսելով իր ժողովրդի ցեղասպանության մասին` չմոռացավ հայերի մասին: «Կուզեի, որ իմ երկիրն էլ ունենար այն նույն համարձակությունը, ինչ դուք, որ խոսելով ձեր ցեղասպանության մասին` չեք մոռանում նաեւ հայերի ցեղասպանության մասին»,- ասաց նա: Աուրոնը շեշտում է, որ հայ ժողովուրդը կրկնակի զոհ է. նախ ցեղասպանության, ապա նաեւ ժխտողականության: Նա շեշտում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է նաեւ Թուրքիային, քանի որ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիան չի կարող դառնալ ժողովրդավար:

«Պետք է գտնել ճանապարհ միավորվելու, ճանաչման, նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի վերապրման, միավորման համար: Ձեր պայքարը դեռ ավարտված չէ: Երբ նայում ենք Հայաստանին, տեսնում Ղարաբաղը՝ հասկանում են, որ ձեր պայքարը դեռ ավարտված չէ»,- ասաց Աուրոնը:

Խոսելով միջազգային հանրության դիրքորոշման մասին, Աուրոնը շեշտում է, որ համաշխարհային հանրությունը պետք է ինքն իրեն հարց տա. «Ի՞նչ է նշանակում, որ 100 տարի անց ընդամենը քսանչորս պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե Օբաման երկու օր հետո հայտարարի, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սա պետք է լինի ոչ թե պետության, այլ քաղաքական առաջնորդի կողմից հայտարարություն, որը պետք է լինի հստակ: Գերմանիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Գերմանիան առաջիններից է, որ պետք է ճանաչեր: Իրենք էլ են ունեցել նմանատիպ դեպք: Եթե Բունդեսթագը բարդ քննարկումներից հետո ինչ-որ խոսք է ասում, դա դեռ ճանաչում չէ»,- ասաց Աուրոնը՝ հավելելով, որ Գերմանիան կրելով բարոյական պատասխանատվություն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես հրեաների Հոլոքոստը:

Ցեղասպանագետը շեշտում է, որ ցեղասպանությունների հարցում երրորդ կողմ գոյություն չունի. կա ոճրագործ եւ կա զոհ: «Եվ եթե դուք զոհի կողմից չեք, եթե դուք ուրանում եք ցեղասպանությունը նշանակում է՝ դուք ոճրագործի կողմից եք: Դուք պետք է որոշում կայացնեք, թե որ կողմն եք անցնում»,- ասաց նա:

Ւսրայելցի ցեղասպանագետը շեշտում է, որ իր համար Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին ոչ թե քաղաքական կամ իրավական հարց է, այլ՝ բարոյական:

«Մենք պետք է Հայոց ցեղասպանությանն անդրադառնանք, որովհետեւ մենք մարդ արարած ենք: Ես հրեա եմ եւ չեմ կարող խուսափել այն փաստից, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, մինչդեռ պետք է լիներ առաջին պետությունը: Կուզենայի ասել մի բան, որ ինձնից պահանջեց տարիներ: Երբ մենք ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, ժխտում ենք մեր զոհերի հիշատակը: Ցեղասպանության ժառանգությունն ինձ համար մարդ արարածի կյանքի սրբությունն է: Մարդու կյանքի անձեռնմխելիությունն է: Եթե չենք հասկանում այս պարզ դասերը, որը սովորեցնում է ցեղասպանությունը, ապա կարող ենք ասել «երբեք», «ոչ», բայց դա կկրկնվի նորից»:

Հայերեն English Русский

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին